Հորդորում ենք ձեռնպահ մնալ Ցեղասպանության զոհերի հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից. Ոստիկանություն

Մանրամասներ
ա

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ:

Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:

Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները:

Ապրիլի 24-ին կրկին աշխարհին ներկայանանք որպես հինավուրց ու արժանապատիվ ժողովուրդ, որը սրբորեն է պահում նախնիների հիշատակը և վեր է համաժողովրդական ցավը մասնավոր նպատակների ծառայեցնելու գայթակղությունից»,- ասված է հաղորդագրության մեջ: