Ֆինլանդիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության շուրջ քննարկումներ կանցկացնի

Մանրամասներ
ա

Ֆինլանդիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության շուրջ քննարկումներ կանցկացնի, հայտնում է AFP-ն։

Չնայած Ռուսաստանը նախազգուշացրել է Բալթիկ ծովում միջուկային ուժերի ավելացման մասին, եթե Ֆինլանդիան եւ հարեւան Շվեդիան միանան ռազմական դաշինքին, Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը արագ որոշում կկայացնի անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ: «Կարծում եմ, որ դա բավականին արագ տեղի կունենա: Շաբաթների ընթացքում, ոչ թե ամիսների»,- անցյալ շաբաթ ասել էր վարչապետ Սաննա Մարինը:

Շվեդիան նույնպես քննարկում է դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը:

Անցյալ շաբաթ ֆիննական Էդուսկունտում 200 պատգամավորներ ստացել էին «սպիտակ թուղթը», որում գնահատվում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հետեւանքները անվտանգության այլ տարբերակների հետ միասին, ինչպիսին է երկկողմ պաշտպանական համաձայնագրերի ընդլայնումը:

Զեկույցում խորհրդատվություններ չեն եղել, սակայն ընդգծվել է, որ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիան չունի անվտանգության երաշխիքներ՝ չնայած ներկայումս դաշինքի գործընկերն է։

Ֆիննական լրատվամիջոցների կողմից հավաքված հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս, որ Ֆինլանդիայի 200 պատգամավորների կեսը ներկայումս կողմ է անդամակցությանը, ընդ որում միայն մոտ 12-ն են դեմ: Մյուսներն ասում են, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն մանրամասն քննարկումից հետո։

Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ հույս ունի առաջիկա շաբաթների ընթացքում խորհրդարանում կոնսենսուսի հասնել, եւ պատգամավորները պետք է լսեն անվտանգության մի շարք փորձագետների:

Շաբաթ օրը Ֆինլանդիայի եվրոպական հարցերի նախարար Տիտտի Տուպուրայնենը հայտարարել էր, որ կարծում է՝ Ֆինլանդիայի հայտը «շատ հավանական է»: «Բայց որոշում դեռ կայացված չէ»,- ասել է նա բրիտանական Sky News-ին: Սակայն ֆինները «կարծես արդեն որոշում են ընդունել, եւ ճնշող մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»:

Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Ֆինլանդիան հայտը մինչեւ ՆԱՏՕ-ի հունիսին կայանալիք գագաթաժողովը կարող է ներկայացնել։ Անդամակցության ցանկացած դիմում պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների կողմից, մի գործընթաց, որը չորս ամսից մինչեւ մեկ տարի կարող է տեւել:

Ֆինլանդիայի ազգայնական կուսակցության նախագահ եւ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուսի Հալլաահոն ասել է, թե ռուսական «ներխուժման» հավանականություն կա, եթե Ֆինլանդիան դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Հալլահոյի խոսքով՝ Ռուսաստանը կարող է փորձել վախեցնել Ֆինլանդիային ու ՆԱՏՕ-ի անդամներին։ «Տարբերակներից մեկն այն է, որ մի փոքր հողատարածք գրավվի հեռավոր շրջանում: Սա սահմանային հակամարտություն կստեղծի առանց որեւէ կրակոցի։ Դա կվախեցնի բոլորին»,- Maaseudun Tulevaisuus թերթին ասել է Հալլաահոն:

Միաժամանակ նա քիչ հավանական է համարում, որ Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ Ռուսաստանը ուղղակիորեն հարձակվի Ֆինլանդիայի կամ որեւէ այլ երկրի վրա։ Ավելի հավանական է, որ Ռուսաստանը ավելի փոքր գործողություններ ձեռնարկի, ասել է նա։ Հետեւաբար, մարդիկ «պետք է կուտակեն հավելյալ սնունդ եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ, որպեսզի մի քանի շաբաթվա համար պատրաստ լինեն»:

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը եւ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտնել են, որ իրենք ռիսկերի կարճաժամկետ եւ երկարաժամկետ վերլուծություն են իրականացնում: Հաղորդվում է, որ պատրաստվածությունը բարձր է՝ արեւելյան սահմանին անվտանգության իրադրության վատթարացման դեպքի համար, հաղորդում է Euraaktiv-ը։