Ձերբակալվել են քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր»

Մանրամասներ

1

«Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա. Ն-ն 2019 թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով արձակել էր կրակահերթ բազմության մեջ գտնվող Գ. Մ-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել էր: 

Այս մասին հիշեցնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա. Ն-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ հաստատել այն, ինչի արդյունքում Ա. Ն-ն գտնվում էր ազատության մեջ: 

Այժմ գործով ձերբակալված 6 անձ կա, ընդ որում՝ քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր»:

Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

2022 թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ոստիկանությունում «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել այն մասին, որ բազմակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Ա. Ն-ն: 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության հանցափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ հանգուցյալ Գ. Մ-ն Ա. Բ-ի որդիների ընկերն է:

Դատախազության անմիջական համակարգման ներքո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Մասնավորապես՝ ԱՆ-ն և իր շրջապատի անձինք, համոզված լինելով, որ Ա. Ն-ի վրա 2022թ. մարտի 7-ին հրազենային կրակոցներն արձակել են Ա. Բ-ի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը: Այդ նպատակով Ա. Ն-ն հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր՝ «նռնականետ/RPG/», «ինքնաձիգ/AKS,AKM/», «դիպուկահար /SVD/», «ատրճանակ», «նռնակներ», «զրահաբաճկոններ»: Ապա վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ կյանքից ապօրինի զրկել Ա. Բ-ին: 

Իրենց հերթին, խմբավորման անդամները, Ա. Ն-ի կողմից ստանալով և կատարելով վերջինիս հրահանգները, տարբեր անձանց միջոցով ձեռք են բերել ինքնաձիգներ, ատրճանակներ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, նռնակներ և զրահաբաճկոններ, որոնք թաքցրել են հանցավոր խմբում ներգրավված տարբեր անձանց բնակարաններում և օժանդակ շինություններում: 

Բացի այդ՝ իրենց հանցավոր նպատակն իրագործելու, դրանից հետո որոշակի ժամանակ թաքնվելու, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ-ից մեկնելու համար գումար հայթայթելու նպատակով խմբավորման անդամները հիշյալ գումարները ավազակային հարձակմամբ կամ բնակարանային գողությունների միջոցով հափշտակելու նպատակով պարզել են մի շարք բնակարաններ, որտեղ սեփականատերերի կողմից պահվում են առանձնապես խոշոր չափերի գումարներ: 

Փաստի առթիվ 2022թ. ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավել անձանց սպանության հանցափորձ), 223-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից), 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 266-րդ հոդվածի 1-ին մասով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հարուցվել է քրեական գործ: 

Խմբավորման ղեկավար Ա. Ն-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, ատրճանակ՝ փամփշտատուփով և փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի և այլ դանակներ, հրացանի նմանվող առարկա, թվով 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ /ատմիչկաներ/, 2 թափանցիկ անոթներ՝ սնդիկանման նյութի պարունակությամբ: 

Ա. Ն-ի մոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի «Տոզ» տեսակի 9 հատ փամփուշտներով: Մինչ Ա. Ն-ի բնակարանում խուզարկություն սկսելը՝ նրա մայրը դանակով հարձակվել է խուզարկության մասնակից ՀՀ ոստիկանության աշխատակցի վրա, փորձել հարվածել գլխին, սակայն ոստիկանության աշխատակցի պաշտպանվելու արդյունքում հարվածը դիպել է ձեռքին: 

Խուզարկություններ են կատարվել նաև հանցավոր համագործակցության անդամների բնակարաններում, ավտոմեքենայում, ավտոտնակում, որոնց արդյունքում հայտնաբերվել են նռնակներ, նռնակների պայթուցիչներ, կաթուցիչներ՝ մոխրացված հետքերի պարունակությամբ, մահակ, տարբեր տրամաչափի բազմաթիվ փամփուշտներ, գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ փամփշտատուփով 13 բանալի, փական բացելու համար հարմարեցված գործիքներ /ատմիչկաներ/, երկաթյա ձողեր և այլն: 

Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) հարուցվել քրեական գործ և միացվել նախորդիվ նշված քրեական գործին:    

Իրավապահ մարմինների համակարգված և կազմակերպված գործողությունների արդյունքում ձերբակալվել են՝ Ա. Ն-ն և ևս 5 անձ: 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նշվածներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 3-ի, այդ թվում՝ խմբավորման ղեկավար Ա. Ն-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Մյուս երկու անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդությունները դատարանի որոշումներով մերժվել են, որոնց մասին դատական ակտերն ստացվելուց հետո կքննարկվի դրանց դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը: 

Ա. Ն-ի կնոջ՝ Մ. Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, նա հարցաքննվել է որպես կասկածյալ:

Երեկ ոստիկանությունը կանխել էր քրեական աշխարհում հայտնի «Կաբել»-ի սպանությունը: 

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանները պարզել են, որ Անդրանիկ Ներսիսյանը և իր շրջապատի անձինք, համոզված լինելով, որ Ա. Ներսիսյանի նկատմամբ այս տարվա մարտի 7-ին ատրճանակով կրակոցներն արձակել են քրեական աշխարհում հայտնի «Կաբել» մականվամբ 53-ամյա Արթուր Բարսեղյանի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ներսիսյանը հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահարներ, ատրճանակներ, նռնակներ, զրահաբաճկոններ, որից հետո վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ սպանելով Ա. Բարսեղյանին: