Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շուտով կավարտվի. ՌԴ Դաշնության խորհուրդ

Մանրամասներ
ա

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան գործերին միջամտությունը կանխելու հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը, գրում է ura.news-ը:

«Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունն Ուկրաինայում շուտով կավարտվի։ Մենք չենք պատրաստվում ձգձգել այն»,- ասել է նա աֆրիկյան և ասիական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 2014-2022 թվականների ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում։ Հեռարձակումն իրականացվել է «Եդինայա Ռոսիա»-ի կայքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: