Հայկական անցակետում ստուգեցին պատգամավորների անձնական տվյալները. Գեղամ Մանուկյանը Արցախ մուտքի արգելքի մասին մանրամասներ է հայտնել

Մանրամասներ

1

Ռուս խաղաղապահները Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները Հայաստանի խորհրդարանի երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացնող պատգամավորներին չեն բացատրել Արցախ մուտքն արգելելու պատճառները։

«Ուղղակի մեր մուտքը ռուս խաղաղապահներն արգելել են, հատուկ ցուցակ էր տրված նրանց: Բայց մինչև հասնելը ռուս խաղաղապահներին, ճանապարհին ևս մեկ արտառոց դեպք արձանագրեցինք, որ Տեղ գյուղում` հայկական անցակետում սահմանապահ զինվորականներն ուղղակի պատգամավորների բոլոր անձնական տվյալները` անձնագրային տվյալները, ծննդյան ամսաթիվ, թիվ, տարեթիվ, ամբողջությամբ ճշգրտում էին` ենթադրաբար արձանագրելով, թե կոնկրետ որ պատգամավորներն են մեկնում Արցախ, և դրանից կարճ ժամանակ հետո արդեն ռուս խաղաղապահները նույն անուն-ազգանուններով, նույնիսկ հայրանունները անգիր հիշելով, ճշտում էին և ասացին, որ մեր մուտքն արգելված է», - մանրամասնեց ընդդիմադիր պատգամավորը:

Գեղամ Մանուկյանը պատմեց, որ ժամեր շարունակ Աղավնո գյուղի մոտ գտնվող անցակետում են եղել, կապվել են Արցախի խորհրդարանի ղեկավարության հետ, և 5 խմբակցությունների ղեկավարները շտապել են այստեղ, որտեղ ընդհանուր քննարկում են ունեցել:

«Վերահաստատել ենք մեր վճռականությունը Արցախի մեկուսացման, Արցախի հայաթափման դեմ պայքարում, բայց այս բոլոր փաստերի համադրումը վկայում է մեկ բան, որ սա պատահական չէր արված. այսօրվա Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանն ուղղակի հերթական ստվերային համաձայնությունն ունեն Ալիևի հետ, նաև տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու, որովհետև եթե այսօր պատգամավորների մուտքն է արգելված, վաղը չի բացառվում, որ կոնկրետ մեկ այլ քաղաքական գործչի, անհատի կամ հազարավոր մեր հայրենակիցների երթևեկը դեպի Արցախի Հանրապետություն արգելվի», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

1