Ցավալի է. Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումից հետո Միշելի տարածած կոմյունիկեում ոչ մի անգամ ոչ մի տեղ չի հիշատակվում ՌԴ-ն. Լավրով

Մանրամասներ
ա

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է ապրիլի վեցին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությանն առ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև ապրիլի վերջ սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով կստեղծեն:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ՌԴ-ն մասնակցելո՞ւ է այդ գործընթացին՝ հաշվի առնելով, որ ՌԴ Գլխավոր շտաբն ունի անհրաժեշտ քարտեզները:

Լավրովն ի պատասխան ընդգծել է, որ սահմանազատման, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցերում Մոսկվան ելնում է նրանից, որ այդ ամենի հիմքում եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել ՌԴ, ՀՀ ևԱդրբեջանի ղեկավարների հանդիպումների արդյունքներով:

«Ինչ վերաբերում է բուն սահմանազատմանը, ապա անցած տարվա նոյեմբերին Սոչիում երեք ղեկավարները համաձայնեցրել են մինչև 2021-ի ավարտը համապատասխան հանձնաժողովի ստեղծումը, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել է և հիմա արդեն դա կրկնվել է Բրյուսելում: Սակայն պարոն Միշելի տարածած հայտարարությունում նշվում է մինչև ապրիլի վերջ: Ես մեր գործընկերոջը հարցրել եմ՝ որքանով է դա համընկնում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության հետ, պատասխանն այն էր, որ իրավիճակը միանգամայն նույն հունով է զարգանում: Շատ կցանկանայի, որ Բրյուսելում մեր եվրոպացի գործընկերները հասկանային, որ այդ հունն արդեն ստեղծված է երեք ղեկավարների կողմից 2020 և 2021 թթ., և որ նրանք այդ հունում որևէ խոչընդոտներ չեն առաջացնելու: Ուշադրությունս գրավեց, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո պարոն Միշելի տարածած կոմյունիկեում ոչ մի անգամ ոչ մի տեղ չի հիշատակվում ՌԴ-ն: Դա արդեն վկայում է այն՝ ինչն է ավելի կարևոր ԵՄ ղեկավարության համար՝ զարգացնել արդեն ձեր բերածը կամ ղարաբաղյան այս թեման էլ օգտագործել սեփական ռուսատյաց գիծը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Դա ցավալի է: ՌԴ-ն երբեք իր ամենամոտ դաշնակիցների շահերը չի զոհաբերի հանուն որոշակի աշխարհաքաղաքական գաղափարների ու խաղերի: Մենք միանգամայն հանձնառու ենք օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին սկսելու նորմալ կյանք, այդ աշխատանքի մի մասը իհարկե սահմանազատման գործընթացն է: Եվ այսօր մենք և մեր գործընկերները հաստատել ենք, որ միանգամայն շարունակում է ուժի մեջ մնալ երեք ղեկավարների պայմանավորվածությունն առ այն, որ հանձնաժողովը լինելու է երկկողմ՝ ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ»,-ասել է Լավրովը: