Ազատագրված Բուչա, Իրպին և Գոստոմել քաղաքները հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմի կադրեր են հիշեցնում

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը տեսաուղերձում ասել է, որ աշխարհը պետք է սարսափի Կիևի մարզի քաղաքներում՝ Բուչայում, Իրպենում և Գոստոմելում տեղի ունեցածից։ Նրա խոսքերը փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։ «Բուչան, Իրպինը և Գոստոմելը քաղաքներ են, որոնք ազատագրվել են և հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմի կադրեր են հիշեցնում»,- ասել է Արեստովիչը՝ ռուսական զորքերին մեղադրելով ռազմական հանցագործությունների՝ կողոպուտների, բռնաբարությունների և խաղաղ բնակիչների սպանությունների մեջ: Նրա խոսքով, զոհերից շատերի ձեռքերը կապված են եղել, մարմինների վրա խոշտանգումների հետքեր են եղել, իսկ մեծամասնությունը սպանվել է ծոծրակին կրակոցով:

«Աշխարհը պետք է սարսափի Բուչայում, Իրպենում և Գոստոմելում տեղի ունեցածից: Ցավոք սրտի, կարծում եմ, որ Ուկրաինայի մյուս քաղաքներում պատկերն ավելի լավ չէ։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերը, պաշտպանության այլ ուժերը և Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանեն ամեն ինչ՝ հանցագործներին հայտնաբերելու և պատժելու համար»,- ընդգծել է Արեստովիչը՝ հավելելով, որ «ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնա»։