Չինաստանը կշարունակի առևտուրը Ռուսաստանի հետ, բայց չի օգնի շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները

Մանրամասներ
ա

Չինաստանը մտադիր չէ որեւէ հատուկ քայլ ձեռնարկել Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, Պեկինը կշարունակի նորմալ առեւտրային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության եւ մյուս երկրների հետ, լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Վան Լուտունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք որեւէ հատուկ բան չենք անի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար»,-  ասել է նա նախօրեին կայացած Չինաստան-ԵՄ գագաթնաժողովին նվիրված ճեպազրույցի ժամանակ:

Վան Լուտունն ասել է, որ «դա չպետք է անդրադառնա այլ երկրների հետ Չինաստանի նորմալ տնտեսական համագործակցության վրա»՝ նշելով, որ Եվրոպան շարունակում է առեւտուրը Ռուսաստանի հետ, ուստի պատժամիջոցները «չպետք է ազդեն Մոսկվայի հետ Չինաստանի նորմալ առեըտրային հարաբերությունների վրա»։

Դիվանագետը հիշեցրել է, որ «Չինաստանը հակամարտության կողմ չէ», այն իր ներդրումն է ունենում համաշխարհային առեւտրի զարգացման գործում եւ հետեւողականորեն դեմ է պատժամիջոցների կիրառմանը։

Վան Լուտունը նշել է, որ Չինաստանը միշտ հանդես է եկել բանակցությունների եւ խորհրդակցությունների միջոցով բոլոր հակամարտությունների կարգավորման օգտին, իսկ Պեկինը ողջունում է ռուս-ուկրաինական բանակցությունները։ Միաժամանակ նա ասել է, որ չի կարելի գերագնահատել Ռուսաստանի վրա ազդելու Չինաստանի կարողությունը. պետք չէ մտածել, որ եթե Պեկինը Մոսկվային խնդրի դադարեցնել ռազմական գործողությունները, ապա ՌԴ կլսի իրեն։