Ղազախստանը չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի մաս. Ղազախստանի նախագահի ներկայացուցիչ

Մանրամասներ
ա

Ղազախստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական և հավատարիմ կմնա այդ հարցերում ՄԱԿ-ի որոշումներին, Euractiv-ին ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը։

«Իհարկե, Ռուսաստանը կցանկանար, որ մենք ավելի շատ լինենք իր կողքին: Բայց Ղազախստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մենք չենք ճանաչել և չենք ճանաչում ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Դոնբասի հետ կապված իրավիճակը, քանի որ ՄԱԿ-ը չի ճանաչում դրանք։ Մենք կկատարենք միայն այն որոշումները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի մակարդակով»,- ասել է նա։

«Իսկապես, Ղազախստանը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, հետևաբար, մենք Ռուսաստանի հետ և՛ տնտեսական, և՛ ռազմական դաշինքների անդամ ենք: Բայց պայմանագրերի դրույթները չեն տարածվում այս կոնկրետ դեպքի վրա »,- նշել է նա։