Նորվեգիա-Հայաստան․ 9-0՝ ամենախոշոր հաշվով պարտությունը հավաքականի պատմության մեջ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստանի ազգային հավաքականը Օսլոյում ընկերական խաղ անցկացրեց Նորվեգիայի ընտրանու հետ ու գոլառատ խաղում 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։

Միայն առաջին կեսում նորվեգացիները 5 անգամ ստիպեցին մեր թիմին խաղը սկսել դաշտի կենտրոնից։

Նախ,17-րդ րոպեին մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդը դաշտի կենտրոնից գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով Էդուարդ Սպերցյանին, Վարազդատ Հարոյանին, Ստյոպա Մկրտչյանին, ապա Արման Հովհաննիսյանը կանոնների կոպիտ խախտումով սահանկումով կասեցրեց նորվեգացու առաջընթացը։ Մրցավարը Հովհաննիսյանին ուղիղ կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից՝ մեր թիմին թողնելով տասը հոգով։ Արման Հովհաննիսյանը, կարծես, վնասվածք ստացավ, նա խաղադաշտը լքեց պատգարակի վրա։

Կապառոսը Էրիկ Վարդանյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Կամո Հովհաննիսյանին։

Խաղի 23-րդ րոպեին տանտերերի կազմում Հոլանդը արդեն աչքի ընկավ գոլով։ Մեր տուգանայինի մատույցներում Սպերցյանը կորցրեց գնդակը, այն հասավ դարպասին մոտ գտնվող Հոլանդին, որը գնդակին թեթև հպումով գրավեց Յուրչենկոյի դարպասը։

29-րդ րոպեից մղձավանջ սկսվեց մեր դարպասի մոտ․ Կամո Հովհաննիսյանի խախտումից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին,գնդակին մոտեցած Ջոշուա Քինգը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։

Ընդամենը մեկ րոպե անց Քրիստիան Տորստվեդտը խառը իրադրությունում փոխանցում ստացավ Հոլանդից ու հաշիվը դարձրեց 3-0:

4 րոպե անց Էդեգորի իրացրած անկյունայինից հետո Քինգը դուբլ ձևակերպեց։ 35-րդ րոպեին Կապառոսը եռակի փոփոխության դիմեց․ Էդուարդ Սպերցյանին փոխարինեց Գևորգ Ղազարյանը, Սոլոմոն Ուդոյին՝ Հովհաննես Հարությունյանը, իսկ Վահան Բիչախչյանին՝ Հովհաննես Նազարյանը։

Իսկ Հոլանդը առաջին կեսին ավելացված առաջին րոպեին փոխանցում ստացավ Տորստվեդտից ու շրջանցելով մեր թիմի պաշտպաններին ևս մեկ անգամ գրավեց Յուրչենկոյի դարպասը։ Նորվեգացին այս գոլի ընթացքում վնասվածք ստացավ և, գուցե, երկրորդ կեսում դաշտ դուրս չգա։

Երկրորդ կեսում Հոլանդը խաղադաշտ դուրս չեկավ, բայց նորվեգացիները կրկին գոլային հրավառություն կազմակերպեցին։ 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը կարծես պատահաբար դիպավ Քինգին ու հայտնվեց Յուրչենկոյի դարպասում։ Սա ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր այս խաղում։ Ի դեպ, Քինգն առաջին հեթ-տրիկն է գրանցում հավաքականի կազմում։

Երկրորդ կեսում մեր թիմի կազմում Խորեն Բայրամյանի փոխարեն խաղը շարունակեց Արտյոմ Ավանեսյանը։

Խաղի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ Մատս Դելին խփեց իր թիմի 7-րդ գոլը։

6 րոպե անց Սորլոտը հաշիվը դարձրեց 8-0, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին նա դուբլ ձևակերպեց՝ դնելով խաղի վերջակետը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։ Դժվար է մխիթարանքի խոսքեր գտնել, բայց հուսանք՝ այս ընկերական խաղերն ինչ-որ առումով կսթափեցնեն մեր թիմին ու կօգնեն վեր հանել բացերը՝ պաշտոնական խաղերին ընդառաջ։