Առաջին խաղակեսից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվում է Նորվեգիային 0-5 հաշվով

Մանրամասներ

1

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ 10 ֆուտբոլիստով, պարտվում է Նորվեգիային 0-5 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականը Օսլոյում ընկերական խաղ է անցկացնում Նորվեգիայի ընտրանու հետ։

Առաջին կեսը գոլառատ ստացվեց, ցավոք՝ ոչ մեր օգտին։ Մրցակիցն արդեն հասցրել է 5 անպատասխան գնդակ ուղարկել Դավիդ Յուրչենկոյի դարպասը։

Նախ,17-րդ րոպեին մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդը դաշտի կենտրոնից գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով Էդուարդ Սպերցյանին, Վարազդատ Հարոյանին, Ստյոպա Մկրտչյանին, ապա Արման Հովհաննիսյանը կանոնների կոպիտ խախտումով սահանկումով կասեցրեց նորվեգացու առաջընթացը։ Մրցավարը Հովհաննիսյանին ուղիղ կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից՝ մեր թիմին թողնելով տասը հոգով։ Արման Հովհաննիսյանը, կարծես, վնասվածք ստացավ, նա խաղադաշտը լքեց պատգարակի վրա։

Կապառոսը Էրիկ Վարդանյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Կամո Հովհաննիսյանին։

Խաղի 23-րդ րոպեին տանտերերի կազմում Հոլանդը արդեն աչքի ընկավ գոլով։ Մեր տուգանայինի մատույցներում Սպերցյանը կորցրեց գնդակը, այն հասավ դարպասին մոտ գտնվող Հոլանդին, որը գնդակին թեթև հպումով գրավեց Յուրչենկոյի դարպասը։