Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել ռուս օկուպանտներին դիմակայելու համար։ Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ, հաղորդում է «УНИАН»-ը։
«Ներխուժման հենց առաջին ժամերին կատաղի հրթիռային հարվածներ հասցվեցին։ Մեկ ամիս շարունակ Ռուսաստանն ավելի քան հազար տարբեր հրթիռներ է արձակել մեր քաղաքների ուղղությամբ, իրականացվել է օդային հարյուրավոր հարձակում։ Դեռեւս փետրվարի 24-ին միանգամայն հասկանալի, տրամաբանական խնդրանքով դիմեցի ձեզ, որպեսզի օգնեիք փակել մեր երկինքը, մեր քաղաքացիներին պաշտպանել ռուսական ռումբերից եւ հրթիռներից, սակայն պատասխան չստացանք։ Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային զենք, ունի քիչ թվով օդանավեր։ Ուստի Ռուսաստանի առավելությունը երկնքում նման է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման։ Եվ դուք տեսնում եք դրա հետեւանքները, տեսնում եք, թե քանի մարդ սպանվեց, քանի խաղաղ քաղաքներ ավերվեցին»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինական բանակն արդեն մեկ ամիս է՝ անհավասար պայքար է մղում։
«Եվ ես արդեն մեկ ամիս է՝ կրկնում եմ, որ մեր քաղաքները եւ մարդկանց փրկելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական օգնություն՝ առանց սահմանափակումների, ինչպես Ռուսաստանն առանց սահմանափակումների օգտագործում իր ողջ զինանոցը մեր դեմ, ոչնչացնում է բոլոր կենդանի էակներին եւ ցանկացած օբյեկտ՝ բնակելի շենքերից մինչեւ եկեղեցիներ, սննդամթերքով լի պահեստներից մինչեւ համալսարաններ, կամուրջներից մինչեւ հիվանդանոցներ: Ուկրաինան ձեզ դիմել է ինքնաթիռների համար։ Դուք ունեք հազարավոր մարտական ինքնաթիռներ, բայց չտվեցիք։ Դիմեցինք տանկերի համար, որպեսզի կարողանանք շրջափակումից դուրս բերել մեր քաղաքները՝ Մարիուպոլ, Բերդյանսկ, Մելիտոպոլ, քաղաքները, որտեղ Ռուսաստանը պատանդ է պահում հարյուր հազարավոր մարդկանց եւ արհեստականորեն սով է ստեղծում։ Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ։ Ուկրաինան մեկ տոկոս է խնդրել, բայց հստակ պատասխան չի ստացել»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ ամենավատն օգնության խնդրանքներին հստակ պատասխան չստանալն է։
«Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը։ Եվ նա չի ուզում տարիներ շարունակ պատերազմել։ Մենք պարզապես ուզում ենք փրկել մեր ժողովրդին։ Ինչպես ցանկացած ժողովուրդ, մենք էլ դրա իրավունքն ունենք։ Ունենք ապրելու իրավունք, այդ մեկ տոկոսի իրավունքը։ Ես ՆԱՏՕ-ին չեմ մեղադրում, դուք մեղավոր չեք, դա ձեր հրթիռներն ու ռումբերը չեն։ Այսօր կիրառել են ֆոսֆորային ռումբեր։ Սպանվել են եւ՛ մեծահասակներ, եւ՛ երեխաներ։ Պարզապես ուզում եմ, որ իմանաք՝ դաշինքը դեռ կարող է կանխել ուկրաինացիների մահը ռուսական հարվածներից՝ մեզ տրամադրելով զենք, որի կարիքը մենք ունենք»,- ասել է Զելենսկին։
0Comments