Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդիմությանը

Մանրամասներ

1

Այս քաղաքական ուժի առաջնորդը միակն է Հայաստանի պատմության ղեկավարներից, ով 2002-ին Քի-Վեսթում հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«2002-ին Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է ու առաջարկել փոխանակել Մեղրին, ՀՀ սուվերեն, ինքնիշխան տարածքը: 2010-ին Ռոբերտ Քոչարյանի ներկայիս ու այն ժամանակ դեռ թիմակիցները քվեարկել են մի օրենքի օգտին, որով, ըստ Արթուր Ղազինյանի փառահեղ ձևակերպման, որը հնչեց պետաիրավական հանձնաժողովի նախկին նիստի ժամանակ, ևս խախտել են այս օրենքով սահմանված որոշակի դրույթներ:

Ես նաև չեմ խոսում այն մասին, որ տիկին Գրիգորյանն այստեղից, խեղաթյուրելով վարչապետի խոսքերը, թե իբր հայտարարվել է, որ Սև լճի համար կռիվ չենք տալու: Այնինչ նշվել է, որ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, որովհետև այդ պատերազմը մեր պատկերացմամբ ողբերգություն է, իսկ ոմանց համար լավ վիդեո մատերիալ է, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ բայրաքթարից նկարահանված կադրեր ցույց տան, թե ոնց են սպանվում մեր զինվորները: Պատերազմը ձեզ համար ընդամենը սպանության վիդեո-արխիվ է, որը դուք կփորձեք դարձնել քաղաքական դիվիդենտ: Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում, որովհետև ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակել թուրքական բայրաքթարից նկարահանված կադրեր, այդքնից հետո եկել մեզ ինչ–որ բա՞ն եք ուզում ապացուցել և մեզ հայրենասիրության դա՞ս եք զում տալ»,-ասաց նա:

Ալեքսանյանն իր խոսքում նշեց՝ երիտթուրքերի հետ կոալիցիա կազմած ուժը եկել, այստեղ Ցեղասպանության մասին է խոսում: «Երիտթուրքերից մինչև բայրաքթարի ամբասադոր. սա ձեր քաղաքական հետագիծն է, և դա դաջված է մնալու ձեզ վրա»,-ընդգծեց Ալեքսանյանը, որից հետո ՔՊ–ական պատգամավորները ծափահարեցին:

Փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ավելացրեց․ «Կարծում եմ՝ արժե ծափահարել այս ելույթի համար: Իրականությունից զատ այլ բան չի ասում այս մարդը»: