ԿԲ-ում հույս ունեն, որ Փաշինյանին կհաջողվի թուրքական էժան գյուղմթերքով Հայաստանում գնանկում ապահովել

Մանրամասներ

1

2021թ.-ին Հայաստանի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատությամբ ապրանքներն ու ծառայությունները թանկացել են 7.7%-ով։ Ամենամեծ գնաճն արձանագրվել է սննդի ոլորտում։ Oragir.news-ն այդ թանկացումներին անդրադարձել է։ Նշենք, որ որոշ մթերքների առումով թանկացումները եղել են շեշտակի։ Մասնավորապես, բանջարեղենը թանկացել է 40%-ով, կարտոֆիլը՝ ավելի քան 70%-ով, կաթնամթերքը՝ 11-12%-ով, ձուկն ու ծովամթերքը՝ ավելի քան 30%-ով։ 2021թ.-ի ընթացքում եղել են ամիսներ (նոյեմբեր), երբ միայն սննդամթերքի գնաճը գերազանցել է 17%-ը։

Վերջին 10-15 տարիներին նման բարձր գնաճ չի արձանագրվել։ Վերջին անգամ պետության սահմանած թիրախային 4%-ի գնաճային սահմանագիծը հատվել է 2014-ին։ Այս տարվա առաջին երկու ամիսներին գնաճի տեմպերը չեն նվազել։ Գնաճը հունվարին կազմել է 7.1%, փետրվարին՝ 6.5%։ Միանշանակ է, որ մարտի ցուցանիշները ավելի համեստ չեն լինելու։

Հիմնական հումքային ու պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են միջինում 46%-ով: Դա նման ամենամեծ թանկացումն է 1995 թ.-ից ի վեր, հաղորդել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը՝ վկայակոչելով փորձագետների հաշվարկները:

Տրամաբանական է, որ այդ թանկացումներն իրենց ազդեցությունn ունենում և ունենալու են Հայաստանի վրա։ ՀՀ օրվա իշխանություններն էլ, օգտվելով առիթից, «ներքին ապրանքների» աննախադեպ գնաճը փորձում են պայմանավորել համաշխարհային շուկաներում արձանագրվող ապրանքների թանկացումներով։

Հիմա ՀՀ իշխանությունների համար մանիպուլյացիայի ավելի մեծ դաշտ է բացվում այն առումով, որ մարտի 17-ին Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատը», հրապարակել է եվրոյի գոտում գնաճին վերաբերող 2022թ.-ի փետրվարի հաշվետվությունը, համաձայն որի՝ այն հասել է 5,9%-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2002թ.-ի եվրոյի շրջանցման պահից։ «Եվրոստատը» դա պայմանավորում է ԵՄ-ում էներգակիրների գների 32%-անոց աճով։

Ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների հետևանքով Եվրոպայում ևս հացի և մի շարք առաջնահերթ անհրաժեշտության սննդամթերքների պակաս է առաջացել ու թանկացումներ են։ Ընդհանրապես, ամբողջ աշխարհում է սննդամթերքի գների բարձրացում սպասվում։ Գնաճն, ըստ Nikkei-ի մասնագետների, մասամբ կապված է աշխարհում գործարար կոնյունկտուրայի բարելավման և սպառողական պահանջարկի կտրուկ աճով, ինչպես նաև մոլորակի մի շարք տարածաշրջաններում անկայուն իրադրությամբ: 22 հիմնական հումքային և պարենային ապրանքներից ինը մեկ տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 50%-ով:

Միաժամանակ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ 2022թ.-ին ՌԴ-ի տնտեսությունը նվազելու է առնվազն 7%-ով։ Նշվում է նույնիսկ 10%-անոց անկման մասին։ Դա ուղղակիորեն ազդելու է Հայաստանի տնտեսության վրա, քանի որ ՀՀ արտաքին առևտրի ավելի քան 30%-ն իրականացվում է Ռուսաստանի հետ։ Հետևաբար, պայմանավորված արտաքին գործոններով, Հայաստանում գների հետագա աճն անխուսափելի է։ Բայց նույն ՌԴ-ում այս ընթացքում աշխատանքներ են տարվում գնաճի հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Պուտինը քննարկել է պարենային ապրանքների գները, վճարային համակարգերի շահագործումն ու շինարարական ոլորտին աջակցության հարցերը։ Նույն տրամաբանության մեջ ՌԴ-ում 2021թ.-ին ավելի քան 600 պաշտոնատար անձ է պատասխանատվության ենթարկվել պարենամթերքի գների անհիմն բարձրացման համար: Ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում այդ ուղղությամբ։

«Տնտեսվարողները պանիկան զսպելու համար մի քիչ բարձր գներ են դրել, որպեսզի մարդիկ անհարկի գնումներ չանեն։ Սննդամթերքի գների չհիմնավորված բարձրացումը մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը։ Նույն ընթացքում «Երևան սիթիի» սեփականատերը պնդում է, որ իր խանութների ցանցում գնաճ չի եղել, չնայած շաքարավազի գինը հասել է 550 դրամի։ Մյուս կողմից էլ՝ Քերոբյանը պնդում է, որ գնաճի դեմ պայքարի համար գոյություն ունի մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որը, հետևելով գներին, թույլ չի տա անհիմն բարձրացում։ Վերոնշյալ հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին հայտարարում է, որ իր գլխավորած հանձնաժողովը վաղուց գնաճի վերահսկման հետ որևէ առնչություն չունի, դա ԿԲ-ի նախագահի տիրույթում է»։ Այդպիսին է իրավիճակը մեզանում անհիմն գնաճի դեմ պայքարի գործում։ Իսկ հիմնավորված գնաճն էլ ձևավորվում է գործող իշխանությունների անհիմն գործունեության արդյունքում։

Աշխարհում գնաճային լուրջ միտումներ են, Հայաստանում արդեն երկու տարի է՝ «տեղ-տեղ» երկնիշ։ Եվ այս իրավիճակում էկոնոմիկայի նախարարից իր օրիգինալությամբ հետ չի մնում ֆինանսների նախարարը՝ հայտարարելով, որ 2022 թվականին գնաճը կլինի 5.5%-ի սահմաններում, հնարավոր է նաև 1.5% շեղում (արդյունքում դառնում է 7%, չնայած նրան, որ նպատակային ցուցանիշը 4%-ն է): Այդ կարծիքին են նաև Կենտրոնական բանկում՝ համարելով, որ այդ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի, չնայած տարածաշրջանում եղած ժամանակավոր դժվարություններին։ Հավանաբար, ԿԲ-ում հույս ունեն, որ այդ տարվա ընթացքում Փաշինյանին կհաջողվի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել ու թուրքական էժան գյուղմթերքով Հայաստանում գնանկում ապահովել։

oragir.news