«Պոշոլանց Վիգենի» կրակոցից ավագանու անդամը տեղափոխվել է հիվանդանոց

Մանրամասներ

1

Երեկ՝ մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Պարզվել է, որ քաղաքացին Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի ու ևս 1 անձի միջև։

Այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, որը գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։ 

Ըստ հաղորդած տեղեկությունների՝ Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։