Իսրայելի վարչապետը Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել Ռուսաստանի պայմանները և հանձնվել

Մանրամասներ

1

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ նա պետք է ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ առաջարկը։ Այս մասին գրում է Axios-ը:

Մինչդեռ Իսրայելի վարչապետի գրասենյակից պաշտոնյան հերքել է այդ պնդումը։

Բենեթը վերջին երկու շաբաթվա ընթացքում ներկայացել է որպես Պուտինի և Զելենսկու միջև հիմնական միջնորդ։ Իսրայելն ասել է, որ պետք է չեզոք մնա միջնորդության հարցում, սակայն ուկրաինացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ Բենեթը պետք է առաջարկներ ներկայացնի և անի ավելին, քան պարզապես երկու կողմերի միջև «փոստարկղ» հանդես գալը:

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ Բենեթը նախաձեռնել է զանգը երեքշաբթի և Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել առաջարկը: Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ Զելենսկուն և նրա խորհրդականներին դուր չի եկել Բենեթի առաջարկությունը:

«Բենեթը, ընդհանուր առմամբ, մեզ ասել է՝ հանձնվենք, բայց  մենք դա անելու մտադրություն չունենք»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։

Իսրայելի վարչապետի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, իր հերթին, ասել է, որ հեռախոսազրույցի մանրամասները, ինչպես նկարագրել է ուկրաինացի պաշտոնյան, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Բենեթը ռուսական կողմից նման առաջարկ չի ստացել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: