Այսօրվանից մենք 100 տոկոսով գիտենք, որ Ուկրաինան ԵՄ անդամ է դառնալու․ Ուկրաինայի արտգործնախարար

Մանրամասներ
ա

ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական սամիթի բանաձևի ձեւակերպումը վկայում է այն մասին, որ Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ, այժմ դա ժամանակի հարց է, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Այսօրվանից մենք՝ ուկրաինացիներս, 100 տոկոսով գիտենք, որ Ուկրաինան լինելու է ԵՄ անդամ, հիմա դա ժամանակի հարց է, եթե մինչ պատերազմը հիպոթետիկ երազում էինք, որ մի օր կդառնանք Եվրամիության անդամ, հիմա մենք համոզված ենք: Մենք կաշխատենք, որպեսզի դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է Կուլեբան ուրբաթ օրը ազգային հեռուստամարաթոնի ժամանակ, փոխանցում է Интерфакс-Украина-ն:

Կուլեբան խոստովանել է, որ Ուկրաինան սպասում էր ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի որոշմանը, որպեսզի ասի, որ ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ Բրյուսելը Ուկրաինայի դիմումն ընդունում է և այն կքննարկի արագացված ընթացակարգով։

«Եթե համեմատենք մեր ակնկալիքները երեկ և այսօր, ապա, իհարկե, ավելին կցանկանայինք, բայց, սկզբունքորեն, այն, ինչ տեղի ունեցավ այսօր երեկոյան (եթե համեմատենք երեք շաբաթ առաջ ունեցածի հետ), ապա սա հեղափոխություն է, որը համապատասխանում է պահանջներին»,- ընդգծել է արտգործնախարարը։