Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Մանրամասներ
ա

Թեհրանը պատրաստ է քաղաքական ճանապարհով իր ներդրումն ունենալ ուկրաինական ճգնաժամի դադարեցման ցանկացած գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ զրույցում, փոխանցում է Tasnim-ը։

Կողմերը քննարկել են Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային որոշ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը։

Թուրքիային հաջողություն մաղթելով Անթալիայում Դիվանագիտական համաժողովում հանդիպման եւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների անցկացման գործում՝ Աբդոլլահիանն ասել է, որ Դիվանագիտական համաժողովին նաեւ Իրանի ԱԳՆ պատվիրակությունը կմասնակցի։

«Մենք պաշտպանում ենք Ուկրաինայում քաղաքական լուծումը եւ պատերազմը դադարեցնելու ու դիվանագիտական կարգավորման վրա ուշադրությունը կենտրոնացնելու քաղաքական նախաձեռնությունը, եւ մենք պատրաստ ենք նպաստել այդ գործընթացի առաջ մղմանը»,- ասել է իրանցի նախարարը։

Իր հերթին Չավուշօղլուն ընդգծել է երկու նախագահների աջակցությամբ Թեհրանի եւ Անկարայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում արդյունավետ եւ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։ Նա նաեւ երկրների դեմ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ Անկարայի անհամաձայնությունն է հայտնել՝ նշելով, որ պատժամիջոցները ոչ մի խնդրի լուծում չեն։

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի սրման, հումանիտար աղետի հավանականության եւ երկրում փախստականների ու միգրանտների աճող հոսքի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման նպատակը տարածաշրջանում հրադադարի հաստատումն է եւ կայուն խաղաղությունը, ասվում է Իրանի ԱԳՆ կայքում։