ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ գույքը չհայտարարագրելու և հարկերը չվճարելու համար

Մանրամասներ
ա

ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու եւ 211 մլն ՀՀ դրամի հարկեր եւ տուրքեր չվճարելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը եւ տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում եւ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաեւ հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը:

Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել եւ 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը եւ տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն:

Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաեւ հայտարարագրերում եւ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել եւ Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք եւ ԱԱՀ, ինչպես նաեւ դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ:

Բացի այդ, 2003թ.-ից մինչեւ 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը եւ լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 եւ 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է: