Սեղանին աղ դնելու համար սրճարանները կտուգանվեն 30 հազար դրամով. ԱՆ-ի առաջարկը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման: Նման կետ է առաջարկում ներառել առողջապահության նախարարությունը  «Առևտրի եվ ծառայությունների մասին» օրնքի նախագծում։

Նույն գերատեսչությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում լրացումներ կատարել ու սահմանել, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

Որպես հիմնավորում  նախարարությունը ներկայացնում է միջազգային վիճակագրական տվյալներն ու նշում, որ նախագծերի ընդունումը կբերի աղի օգտագործումը չարաշահող անձանց քանակի նվազեցմանը և, որպես արդյունք, կբերի ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը։

Ըստ նախարարության հիմնավորման, համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1% ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:

Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը:

«Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար»,-նշում են նախարարությունից։