Նիկոլ Փաշինյանը տարբեր մարդկանց միջոցով ստեր ու կեղծիքներ է նետում դաշտ մի քանի պատճառներով. Նախ նա փորձում է իր վրայից հետեւողականորեն մաքրել վերջին պատերազմի ակնհայտ մեղքը, մաքրել արյունը, քաղաքական առումով դավաճանի պիտակը, բայց ինքը չի համակերպվում, որ չկա ոչ մի ռախշա ու վանիշ, որը կարող է իր վրայից այդ բծերը, արյան եմղքը մաքրել: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երկրորդ նպատակը, Նիկոլը փորձում է բանակցային ժառանգության մասին Սերժ Սարգսյանի թողած փաստաթղթերի շուրջ շատ երկար բանավեճերի մեջ մտնել, որպեսզի կամ մենք հոգնենք պատասխանելուց, կամ հասարակությանը հոգնեցնեն, եւ նա ասի՝ երկուսդ էլ գնացեք մի կող: Դա Նիկոլին ձեռ է տալիս, որովհետեւ այն մեղքերը, որ նա ունի բանակցային գործընթացի հետ կապված, չունեն բոլորը միասին ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով, երեկ իր հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այնպես էր գովում 2011-ի Կազանի փաստաթուղթը, կարծես Սերժ Սարգսյանը չէր դա բանակցել, ստեղծել, բերել ստորագրման:
«Երբ Սերժ Սարգսյանը պատրաստ էր կազանյան փաստաթուղթը ստորագրել, դրա մասին մանրամասն ներկայացրել էր Կիսիլյովի հայտնի հարցազրույցում, իրենք այդ ժամանակ Սերժ Սարգսյանին 2016-ից թիրախավորում էին, որ տեսեք, Սերժը հողեր է հանձնում, խոստովանել է, որ հողեր է հանձնում, մեր հողերը տալիս է...
Արմեն Գրիգորյանն ասում է՝ ինչու եք փաստաթուղթը, որտեղ կար ինքնորոշման իրավունք, միջանկյալ կարգավիճակ, տրոհել երեք առանձին փաստաթղթերի: Շատ պարզ պատճռով, որովհետեւ երբ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց Կազանում ստորագրել այդ փաստաթուղթը, Սերժ Սարգսյանն այնքան էր ուզում խնդիրը լուծել, որ համաձայնեց պահպանելով Հայաստանի համար, Արցախի համար կարմիր գծերը, որոնք կային կազանյան փաստաթղթում, փաստաթղթի ձեւաչափի փոփոխություններին: Միակ պաշտոնական փաստաթուղթը, որին Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը, դա 2011-ի կազանյան փաստաթուղթն է: Դրանից հետո եղել են ընամենը նոր առաջարկներ, նոր տարբերակներ, որոնք համանախագահները տալիս էին խմբերին, այդ թվում 2016-ից հետո եկած տարբերակները, որոնց վերաբերյալ Հայաստանը պաշտոնապես համաձայնություն չի տվել»,-ասաց Աշոտյանը:
Նա մի դրվագ բացահայտեց՝ հույս հայտնելով, որ Սերժ Սարգսյանը չի նեղանա. «Այդ ժամանակ, երբ Լավրովը եկավ հերթական տրցակով առաջարկությունների, նախագահն ասել է՝ նախեւառաջ համաձայնեցրեք Բաքվի հետ, եթե իր համաձայնությունը կտա, այդ ժամանակ մենք հայկական կողմի կարծիքը կասենք: Բացահայտումն այն է, որ այո, հայկական կողմը կհամաձայներ այդ առաջարկություններին, եթե Ադրբեջանը տար իր համաձայնությունը, որովհետեւ այդ տրցակում կար եւ միջանկյալ կարգավիճակի հարցը, եւ Արցախի անկախացման մեխանիզմների ամրագրումը՝ հանրաքվեով Արցախի տարածքում:
Այդ երեք փաստաթղթերը միասնական ամբողջականություն էին,դա փուլային կարգավարում չէր, փաթեթ էր»,-ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Աշոտյանը հիշեցրեց, որ 2020-ի հունվարին Կապանում կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հեգնանքով ներկայացնում էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Արցախի հարցում. «Ու թվարկում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որտեղ կա Արցախի համար միջանկյալ կարգավիճակ, Արցախի համար հանրաքվե»:
Նա ընդգծեց, որ Արմեն Գրիգորյանը ստում է, թե Սերժ Սարգսյանը փաստաթղթերը հետը տարել է, իրականում Սերժ Սարգսյանը տարել է կրկնօրինակները, իսկ բնօրինակները մնացել են:
«Ասում են՝ Ադրբեջանը չէր համաձայնի հանրաքվեին, 100-200 տարի կձգեր: «Բա երանի չէ՞ր այդ փաստաթուղթն ընդունվեր, ձերն նման ոչնչությունները չգային իշխանության, այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները չգային, թող 100 տարի հանրաքվե չլիներ, զատո Քելբաջարն ու Լաչինը մնում էին հայկական, Արցախը մնում էր հայկական»,-ասաց նա:
0Comments