ՆԱՏՕ ուժերի ռազմական ակտիվությունը սահմանների մոտ սպառնալիքներ է ստեղծում կազմակերպության համար. ՀԱՊԿ

Իրավիճակ
հապկ

Սահմանակից տարածքներում ՆԱՏՕ ռազմական ակտիվացումը ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար է ազդում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձը եւ հեռանկարները» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի են ունենում ՆԱՏՕ զինվորականների խմբավորումների թվի ավելացում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահմանակից տարածքներում,- ասել է նա։- Ռազմական ակտիվություն կա, ըստ էության տեղի է ունենում մի ամբողջ շրջանի ռազմականացում։ Սա ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար է ազդում մեր ամբողջ կազմակերպության անվտանգության ապահովման վրա»։

Զասը հայտարարել է, որ ճգնաժամային արձագանքման աշխատանքային խումբը ստեղծվել է  ՀԱՊԿ շրջանակում, Ղազախստանում խաղաղապահ գործողությունից հետո։

«Այո, իհարկե, մենք այժմ ստեղծել ենք աշխատանքային խումբ եւ ուշադիր ուսումնասիրում ենք մեր այդ առաջին գործնական փորձը, մեր բոլոր գործողությունները։ Կթեստավորենք նախեւառաջ ճգնաժամային արձագանքման համակարգը։ Մենք պետք է հնարավորություն ունենանք արագ եւ արդյունավետորեն կիրառելու առկա պոտենցիալը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել է նա։