Մաքսային ծառայությունում կադրեր ներգրավելու նոր համակարգ է ներդրվել։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ վերապատրաստման դիմումներն ընդունվում են երեկվանից մինչեւ փետրվարի 28-ը օնլայն ռեժիմով ՊԵԿ կայքում։ Նա հավելեց, որ դիմումներ կարող են ներկայացնել Հայաստանի չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն եւ տիրապետում են հայերենին։
«Նախ կանցկացվի թեստավորում, ապա բարեվարքության ստուգում եւ հարցազրույց։ Այս փուլերն անցնելուց հետո մենք կկազմակերպենք տեսական (85-95 ժամ) եւ գործնական (մինչեւ 30 օր) դասընթացներ, որոնք կանցկացվեն Հայաստանի ՊԵԿ ուսումնական կենտրոնում»,- պարզաբանեց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ դասընթացներն ավարտելուց հետո տրվում է վկայական երեք տարի ժամկետով, որի ընթացքում կարելի է մասնակցել պաշտոնին նշանակման գործընթացին։ «Գործընթացը սկսվել է Երեւանից։ Նախատեսվում է, որ հոկտեմբերից հնարավոր կլինի ներգրավել 100 նոր աշխատակիցների։ Մենք ակնկալում ենք քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»,- ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Նա հայտնեց, որ բարեփոխումների մեկ այլ ուղղություն ենթադրում է բարեվարք տնտեսվարող սուբյեկտների համար նախնական հայտարարագրման լայն պրակտիկայի ներդրում։
«Լրացնելով հայտարարագիրը՝ տնտեսվարող սուբյեկտը կկարողանա տնօրինել իր ապրանքները սահմանից՝ մաքսային հսկողություն չզգալով։ Բացի այդ, նախատեսվում է մաքսային հայտարարագրման ամբողջությամբ էլեկտրոնային համակարգ ներդնել։ Սա կարագացնի առեւտրաշրջանառությունը եւ կխնայի տնտեսվարող սուբյեկտի ռեսուրսները։ Համալիրում բոլոր բարեփոխումները դրական կազդեն տնտեսական ակտիվության վրա»,- եզրափակեց Ծովինար Սողոմոնյանը։
0Comments