«Արմեն Սարգսյանն ինձ ասում էր՝ խանգարում են, թույլ չեն տալիս, որ իմ աշխատանքն անեմ․․․»․ Հարութ Սասունյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ամերիկահայ գործիչ«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միանձնյա որոշումներով արդեն երեքուկես տարի ստանձնել է ոչ միայն վարչապետի դերակատարումը, այլև՝ երկրում գործող մյուս պաշտոնյաների։

Հարութ Սասունյանը հենց այս համատեքստում է դիտարկում նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։

«Բոլոր ժողովրդավար երկրներում Օրենսդիր, Դատական ու Գործադիր իշխանությունները մեկը մյուսին զսպում են․ հակակշռելու համակարգ է սա։ Այս համակարգը չունեն միայն այն երկրները, որտեղ նախագահը կամ թագավորն ամեն ինչ միանձնյա է որոշում։

Փաշինյանն իշխանության եկավ՝ ասելով, որ ժողովրդավար է, ժողովրդի ներկայացուցիչն է, բայց ինքը ոչ մեկին չի լսում, և ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մի մարդու մեջ։ Նախագահը փորձում էր բավական հավասարակշռված և զգույշ ձևով գործել՝ որոշ զիջումներ անելով Փաշինյանի հրահանգներին, ԱԺ օրենքներին, որոշ դեպքերում՝ չընդունելով որոշումները և դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան։

Հիմա, երբ Արմեն Սարգսյանը չկա, վարչապետն իր մամլո ասուլիսում ասաց, որ հաջորդ նախագահ է առաջարկելու մարդ, որը «քաղաքական մեծամասնության» հետ «քաղաքական ներդաշնակություն» ունենա։ Այսինքն, եթե պարզ հայերենով ասենք, համերաշխ քաղաքականություն ասելով՝ նա նկատի ունի՝ մի մարդ լինի նախագահ, որ իր կուսակցությունից է, և անի այն ամենը, ինչ ինքը ցանկանում է, որ այդ մարդն անի՝ որպես հլու-հնազանդ կամակատար։ Այսինքն՝ ինչ-որ մի փոքր հակակշիռ կար պետության մեջ, դա էլ հիմա վերացավ, դա էլ չկա՝ հիմա եղավ լրիվ դիկտատորություն, լրիվ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ գործիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հանրությանը տեղեկացրել էր իր որոշման մասին՝ մասնավորապես նշելով․

«Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»:

Արդյո՞ք չորս տարի պաշտոնավարելուց հետո օբյեկտիվ է նախագահի հիմնավորումը, թե լիազորությունների սահմանափակ լինելու և չթիրախավորվելու համար է հրաժարական ներկայացնում՝ մեր հաջորդ հարցադրումին ի պատասխան էլ՝ Հարութ Սասունյանը որոշ մանրամասներ ներկայացրեց նախագահի հետ անձնական շփումից․

«Երբ 2019թ․ Հայաստան էի եկել, նախագահի հետ հանդիպեցի (30 տարի է՝ ծանոթ եմ նրա հետ): Այս մասին խոսեցինք նրա հետ․ ինքն ինձ ասում էր՝ խանգարում են ինձ, թույլ չեն տալիս, որ իմ աշխատանքն անեմ։ Ինքը, 4 տարի է՝ ամեն օր քննադատության և հարվածների էր ենթակա՝ թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, և թե՛ հանրային այլ շրջանակներից, որոնք կրկնում էին մի անիմաստ արտահայտություն, որ Արմեն Սարգսյանն անգլիական լրտես է։ Երբ հարցնես, թե ո՞ւր է փաստը, որ անգլիական լրտես է, փաստ չկա․ խոսում են։

Ու երբ նախագահը փորձում է իր երկրի համար որևէ դրական աշխատանք տանել, և անընդհատ, տարիներով շարունակում են ամբաստանությունները, նաև առողջության վրա է ազդում․ մանավանդ, որ ինքը վատառողջ է»։