Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, նա համապատասխանում է փոխնախարարի անհրաժեշտ չափանիշներին

Մանրամասներ

1

Մենք սպասում ենք վարչապետի ստորագրությանը. մրցութային կարգով հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կազմն արդեն ընտրվել է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների մասին։

«Կային որոշակի չափանիշներ, որոնք հաշվի առնելով՝ ընտրել ենք կազմը, օրինակ՝ արտախորհրդարանական կուսակցությունների դեպքում չափանիշն էր վերջին 5 տարում 2 համապետական ընտրությունների մասնակցելը: Ցավոք, այս իմաստով մենք նույնիսկ 1 թափուր տեղ ունեցանք, քանի որ այն կուսակցությունները, որոնք մասնակցել էին, ոչ բոլորը հայտեր ներկայացրին, իսկ ովքեր հետաքրքրված էին, չհամապատասխանեցին չափանիշին, իսկ հասարակական կազմակերպություններից ունեինք 7 հայտ, որոնցից ընտրվել են 3-ը՝ հաշվի առնելով սահմանված չափանիշները»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Գրիգոր Մինասյանի՝ արդարադատության փոխանախարար նշանակվելուն՝ Անդրեասյանը նշեց՝ Մինասյանը նշանակվել է այդ պաշտոնին, քանի որ համապատասխանել է անհրաժեշտ չափանիշներին։

«Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ։ Քանի որ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը քաղաքական է, դա վկայում է այն մասին, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև վստահելի մեկին, որը քեզ հետ կիսում է գաղափարներդ։ Այդ իմաստով Մինասյանը համապատասխանում է չափանիշներին»,- ասաց Անդրեասյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, որ եթե Մինասյանն Անդրեասյանի ընկերն է, չի ստացվո՞ւմ, որ մարդկանց աշխատանքի են ընդունում ծանոթի միջոցով, նախարարն ասաց․ «Մեկ այլ վատ օրինակ է, երբ քաղաքական պաշտոնի ես նշանակում, բայց այդ անձի մասնագիտական արժանիքները չեն բավարարում։ Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում, երբ կան քաղաքական, ընկերական հարաբերություններ, սակայն պահպանված են մասնագիտական որակն ու շահը, նորմալ է նշանակումների համար և բացարձակ ռիսկեր չի պարունակում»,- ասաց Անդրեասյանը։