Ռուս-ուկրաինական բախումը շատ սիրուն ձև ա՝ չինացիքին ասելու, որ իրենց ամբիցիաները զսպեն, ու ասողները համ ամերիկացիք են, համ էլ ռուսները

Իրավիճակ

ա

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ իմ կարծիքը ձեզ շատ անհավանական կթվա, հետևաբար բուն կարծիքս ես կգրեմ վերջում, բայց կխնդրեմ սկզբից կարդաք այն փաստերը, որոնց վրա կարծիքս հիմնված է ու վերջում դուք ինձ կասեք` հավանակա՞ն է այն, թե`ոչ:

Տեսեք, աշխարհի ֆիզիկական առևտրաշրջանառության 70%-ը տեղի է ունենում ծովային տրանսպորտի միջոցով, ևս 20%-ը` ավտոճանպարհներով, իսկ 10%-ը` երկաթգծով: Անգլոսաքսոն դոմինանտության հիմքում ի սկզբանե եղել է ռազմածովային ուժերի գերակայությունը: Անգլոսաքսերը փաստացի միանձնյա սկսեցին տիրել բոլոր ծովերում, երբ 400 տարի առաջ ջախջախեցին անպարտելի թվացող իսպանական արմադան ու սկսեցին գրավել նորանոր գաղութներ: Հետագայում ո´չ Նապոլեոնին, ոչ էլ Հիտլերին չհաջողվեց մրցել անգլո-սաքսերի նավատորմի հետ: Իմիջիայլոց երկու դեպքում էլ Բրիտանիան փրկեց ռուսական բանակը, որը, երկորդ ճակատ բացելով, միշտ Եվրոպական տերությունների հիմնական հարվածն իր վրա էր վերցնում: Սա է պատճառը, որ մինչ օրս աշխարհի խոշորագույն փոխադրողներն անգլոսաքսերի վերահսկողության տակ են, փոխադրվող բեռների խոշորագույն երաշխավորողները նույնպես անգլո-ամերիկյան են և առհասարակ աշխարհի առևտուրը` լինի դա ֆիզիկապես, թե բորսաներում, հսկվում է Լոնդոնի ու Վաշինգթոնի կողմից:

Չինաստանի արտաքին առևտուրը շատ ավելի կախված է ծովային տրանսպորտից, քան համաշխարհայինը: Չինական իմպորտի ու էքսպորտի 95%-ը տեղի է ունենում նավահանգիստներում ու հիմնականում անցնում է երկու շատ նեղ, 20 կիլոմետրանոց նեղուցներով՝ Մալակկյան և Զոնդյան: Սա է նաև պատճառը, որ Չինաստանի բնակչության 94%–ը կենտրոնացած է ափամերձ տարածքում: Այդ երկրի մնացած ահռելի տարածքը համեմատաբար դատարկ է:

Փաստացի Չինաստանն աշխարհի արտադրամասն է: Բարդ տեխնոլոգիական արտադրանքը նախագծվում ու հիմնականում արտադրվում է արևմուտքում, իսկ Չինաստանն արտադրում է այն, ինչը պետք է արևմուտքին կենցաղային կարիքները հոգալու համար: Արտադրության հումքը նույնպես, գրեթե ամբողջովին, գալիս է արտասահմանից, օրինակ նավթի 75%-ը: Ընդ ուրում, թե ներկրվող հումքը և թե արտահանվող ապրանքը համապատասխանաբար գալիս են ու գնում են առաջին հերթին հենց անգլոսաքսերի մոտ:

Չինաստանի արտահանման 20%-ը գնում է ԱՄՆ, Կանադա և Մեքսիկա, 10%-ը գնում է Հոնկ Կոնգ, 5-ական տոկոս գնում է Ճապոնիա ու Հարավային Կորեա, հետո գալիս է Գերմանիան 4%-ով, հետո Վիետնամը, Հնդկաստանը, Թայվանը, ՄԹ-ն, Հոլանդիան, հետո Սինգապուրն ու Մալազիան, հետո նոր Ռուաստանն իր 2%-ով: Հիշյալ բոլոր երկներին, բացի Վիետնամից ու ՌԴ-ից, միավորում է մի բան՝ նրանք ԱՄՆ-ի բացահայտ դաշնակիցներն են: Այսինքն, Չինաստանի առևտրի կեսից ավելին գնում է ԱՄՆ կամ ԱՄՆ-ի կրտսեր դաշնակիցների մոտ, իսկ մնացած բոլոր բեռները գնում են ուր ասես, բայց միշտ ԱՄՆ-ի կողմից լիարժեք վերահսկվող ծովերով:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի նավատորմը` չկա աշխարհում մի երկիր կամ երկների դաշինք, որ գոնե տեսականորեն կկարողանա տեսանելի ապագայում մրցել ԱՄՆ-ի հետ ռազմածովային ուժերով: Որ ասածս պատկերավոր լինի, պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ն ունի 17 ավիակիր, իսկ ՌԴ-ն ու Չինաստանը իրար հետ 3 հատ: Ընդ որում, ամերիկյան 11 հատից յուրաքանչյուրը փոքր քաղաք է, որն ունի միջուկային ռեակտոր, 3000 հոգի ծառայող ու ոչ մի ձև համեմատելու չեն իրենց սովետական մրցակիցների հետ:

Երբ Սի Ցզինպինը եկավ իշխանության, Չինաստանի կառավարությունը երկիրը անգլո-ամերիկյան կախվածությունից հանելու երկարաժամկետ պլան մշակեց: Նախ ապրանքաշրջանառությունը պիտի կտրուկ տեղափոխվեր ասիա-ամերիկաներ հատվածից դեպի Եվրոպա: Իսկ այդ ապրանքների մատակարարման ուղիները պետք է դառնային ցամաքային, որպեսզի ամերիկյան նավատորմի համար դժվար լինի խափանել դրանց հոսքը:

Էս պահին Չինաստանն արդեն դարձել է ԵՄ առևտրաշրաջանառության մեծությամբ երկորդ գործընկերն ու շատ ակտիվ կառուցվում են «մեկ գոտի, մեկ ճանապարհ» պրոյեկտի հանգույցները ողջ եվրասիական մայրՑԱՄԱՔՈՎ!! Անգլոսաքսերը նույնպես քնած չեն՝ Հնդակաստանն արդեն դարձել է աշխարհի 5րդ խոշորագույն տնտեսությունը և շատ շուտով կշրջանցի Գերմանիային` մոտենալով Ճապոնիային ու Չինաստանին: Բնականաբար Հնդակստանը Չինաստանի գլխավոր մրցակիցն է` աշխարհի արդյունաբերական մատակարար լինելու դերում: Սա, սակայն, չի լուծում կառուցվելիք չինական ճանապարհների հարցը:

Չինաստանի ու Եվրոպայի արանքում կա մի քանի մեծ «կտոր»՝ Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Կովկասը: Վերցնենք աշխարհաքաղաքական առումով ամենա կայունը համարվող Ռուսաստանը. Ռուսաստանի ու Եվրոպայի արանքում կա ևս երեք կտոր՝ Բալթյան երկները, Բելոռուսն ու Ուկրաինան: Այսինքն Չինաստանից Եվրոպա տեսական ճանապարհը պիտի անցնի կամ ռուս-մերձբալթյան սահմանը, կամ բելոռուս-լեհականը, կամ ռուս-ուկրաինականը: Կրկնում եմ, սա ամենահուսալի համարվող տարբերակն է, քանի որ` թե Կովկասը, թե Մերձավոր Արևելքը և թե Կենտրոնական Ասիան շատ ավելի պայթյունավտանգ են համարվում:

Բայց արի ու տես որ ռուս-եվրոպական սահմանում էլ, մեղմ ասած, կայուն չէ իրավիճակը: Ու հիմնական ապակայունացնողը հենց Ռուսաստանն է: Հենց Լուկաշենկոն հագավ Լեհաստանի հետ` փորձելով գաղթյալներով շանտաժի ենթարկել վերջիններիս: Լիտվան դեմից ա ասել, որ ճանաչելու է Թայվանն ու փաստացի խզել հարաբերությունները Չինաստանի հետ` փակելով նրանց համար բալթյան հատվածը: Ուկրաինայում էլ, դե տեսնում եք...

Ընդ որում, չինացիք ամեն ինչ անում են, որ գոնե ռուս-ուկրաինական բախումը զսպեն, բայց չի ստացվում: Բնական է, որ կոնֆլիկտ կարա լինի միայն, եթե վիճող երկու կողմ կա: Հիմա իմ մոտ հարց է առաջանում, ո՞նց ա ստացվում, որ Չինաստանը չի կարողանում Ռուսաստանին զսպի: Ո՞նց ա էլի ստացվում, որ Չինաստանի համար մեկ պրոյեկտը, իրենց պանծալի սուվերենության միակ գրավականը, դարավոր երազանքը, տապալվում է, որտև իրենց գլախավոր գործընկերներից մեկը անհասկանալի պատճառներով որոշել ա հագնի իր հարևանի հետ: Հարևանն էլ ընդուց ա նենց տոն տալիս, որ արդեն ոչ մեկի հավատը չի գալիս, որ սրանք բլեֆ չեն անում:

Հիմա առաջարկեմ իմ վարկածը՝

Ես կարծում եմ, որ ՌԴ-ի համար, ինչպես և ԱՄՆ-ի համար, ներկայիս իրավիճակը ամենացանկալին է: Այո, հենց էս վիճակը: Առանց գոտիների ու ճանապարհների, որովհետև Մոսկվան հասկանում է, որ էդ գոտին մի օր ձեռդ ա, մի օր էլ կարող ա բգիդ դեմ տան ու ձգեն: Էս պահին Չինաստանը սպառում է Ռուսաստանի նավթը, գազը, փայտը, հողը, ջուրը, ձուկը... ու էդ ռեսուրսով Չինաստանը շատ վերահսկելի ծառայություն է մատուցում արևմուտքին: Հենց որ Չինաստանը վերհսկողությունից դուրս եկավ, իրենք ոչ թե գնելու են հիշյալ ռեսուրսները, այլ սկսելու են պարզապես խլել: Ռուսաստանը հերիք չի օվկիանոսից էն կողմ մի հակառակորդ ունի, որը բարի պտուղ չի, մի հատ էլ հենց քթի տակ աճեցնի՞...` իր իսկ տարածքով ճամփա տալով: Ինձ թվում է` ռուս-ուկրաինական բախումը շատ սիրուն ձև ա չինացիքին ասելու, որ իրենց ամբիցիաները զսպեն ու ասողները համ ամերիկացիք են, համ էլ ռուսները:

ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինված ուժերի շտաբերի պետերն էլ Հելսինկիյում և այլուր իրար հետ ժամերով հանդիպելուց ըստ ամենայնի արդեն գծել ու համաձայնեցրել են բոլոր կարմիր գծերը:

Պատմությունը ընդամենը ևս մեկ անգամ կրկնվում է՝ Նապոլեոնի դեմ Ալեքսանդր բերին, Հիտլերի դեմ Ստալինին, Սի Ձինպինի դեմ Պուտինին...

Արթուր Դանիելյան