Դանիան կչեղարկի կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները

Մանրամասներ

ա

Դանիայի կառավարությունը մտադիր է հունվարի 31-ից հանել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Jyllands-Posten-ը:

Դրա աղբյուրների համաձայն՝ վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ծրագրում է այդ որոշման մասին հայտարարել չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ Հրապարակման համաձայն՝ կաբինետի ղեկավարը կհայտարարի նաեւ, որ փետրվարի 5-ից COVID-19-ն այլեւս չի դասվի հանրության համար խիստ վտանգավոր հիվանդությունների շարքում։ Կառավարության այս որոշումներն ընդունվել են հատուկ համաճարակաբանական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, գրում է թերթը։

Դեկտեմբերին Դանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված մի շարք սահմանափակող միջոցներ էին ձեռնարկվել. ներդրվել էր մեկ քառակուսի մետրի վրա գնորդների եւ այցելուների առավելագույն թվի հայեցակարգը խանութների եւ ռեստորանների, մարզադահլիճների, խաղատների, զվարճանքների պուրակների, կոնֆերանսների սրահների, կինոթատրոնների, պատկերասրահների համար։ Կառավարությունը կոչ է արել մասնավոր եւ պետական ​​ձեռնարկություններին կազմակերպել աշխատողների հեռավար աշխատանքը։

Հունվարի 16-ից, չնայած վարակման բարձր ցուցանիշներին, կինոթատրոնները, թանգարաններն ու թատրոնները կրկին կարող են այցելուներ ընդունել, իսկ մրցումներին թույլատրվում են սահմանափակ թվով երկրպագուներ՝ պաշտպանիչ դիմակով եւ COVID-անձնագրերով: Դանիայի բնակիչների 80.5 տոկոսը պատվաստվել է պատվաստանյութի երկու դեղաչափով, 59.5 տոկոս արդեն ստացել է խթանող դեղաչափը: