Նոր շարժում է սկսվել․ Բազմաթիվ տնտեսվարողներ արդեն միացել են շարժմանը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վերջին երեք օրվա ընթացքում հանրային սննդի ոլորտի շրջանառությունը 50 տոկոսով նվազել է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր որոշմանը, որով հանրային սննդի օբյեկտներ, ինչպես նաև մշակութային և ժամանցի վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ Կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան ներկայացնելու դեպքում։

Աշոտ Բարսեղյանը նշել է, որ շարժում են սկսել․ չեն ստուգելու քաղաքացիների պատվաստման սերտիֆիկատները։ Բազմաթիվ տնտեսվարողներ արդեն միացել են այդ շարժմանը։

«Մենք ո՛չ նման պարտավորություն, ոչ էլ իրավունք ունենք՝ QR կոդը ստուգելու համար։ Մենք իրավունք չունենք քաղաքացիներից պահանջել անձնական տվյալներ։ Նախարարն էլ հաստատեց, որ մենք իրավունք չունենք անձնական տվյալներ վերցնել, եթե մարդն իր կամքով պատրաստ չէ այն ցույց տալ։ Այսինքն՝ սա անձնական տվյալների պաշտպանության դաշտում է»,-ասել է «Ռեստորանների ասոցիացիա»-ի հիմնադիրը։

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության այս հրամանն անիրագործելի է, և տնտեսվարողների մեծ մասը որոշել է շարունակել բնականոն աշխատանքը։ Տուգանելու պարագայում էլ Աշոտ Բարսեղյանը վստահեցնում է, որ անպայման վիճարկելու են ու չեն վճարելու տուգանքները, քանի որ դրանք իրավաչափ չեն։

«Նրանք էլ գիտեն, որ վիճարկվող տուգանքներ են, և վիճարկման հետ կապված խնդիր չի առաջանալու։ Այս ընթացքում էլ կան տուգանված տնտեսվարողներ։ Շաբաթ-կիրակի շոու էին սարքել, ոստիկանական ուժերով մտնում էին ռեստորաններ։ Ոստիկաններն ապօրինի կերպով մոտենում էին սեղաններին, առանց որևէ սանկցիայի՝ մարդկանց հարցնում էին՝ QR կոդ ունե՞ք, թե՞ ոչ։ Այսինքն՝ երկրում պետական մակարդակով անօրինականություն է»,- նշել է Աշոտ Բարսեղյանը։

Բարսեղյանը նշել է նաև, որ կան բիզնեսներ, որոնք իրենց շրջանառության ընդամենը 10 տոկոսն են ապահովել վերջին օրերին, ինչը ծանր դրության մեջ է դրել տնտեսվարողներին։