Թուրքիայի հետ հարաբերություններում պետք չէ այդքան լավատես լինել, եթե, իհարկե, հայկական կողմը չի պատրաստվում գնալ զիջումների. Ռուբեն Մելքոնյան

Մանրամասներ

Թուրքական կողմի մոտեցումներն անցնող երեք տասնամյակում եղել են կայուն դեստրուկտիվ դաշտում, այսինքն՝  նրանք երբևէ հետ չեն կանգնել Հայաստանին ներկայացվող իրենց նախապայմաններից և հիմա էլ շարունակում են հայտարարել, որ ամեն ինչ կոորդինացնելու են Ադրբեջանի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վա1րչապետի հնչեցրած այն մտքին, որ շատ տրամաբանական կլինի, եթե այս տարի հասնենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման։

«Այստեղից տրամաբանական եզրակացության ենք հանգում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն միայն և միայն թուրք-ադրբեջանաան նախապայմանների կատարման դեպքում։ Որքան էլ թուրքական կողմը հայտարարի, հայկական կողմն էլ փորձի հավատալ, որ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են, դա իրականությանը չի համապատասխանում։ Թուրքիայի կողմից ներկայացվող երեք հայտնի նախապայմաններն այս կամ այս կերպ կան օրակարգում, և մանիպուլացնել հայ հասարակությանը, ներկայացնել ոչ մասնագիտական դիրքորոշումներ, սխալ է։

Եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, դա թուրքական առաջին նախապայմանն է։ Եթե ճանաչում է Կարսի պայմանգիրը, դա թուրքական երկրորդ նախապայմանն է։ Եվ եթե Հայոց ցեղասպանության խնդիրը թողնվում է սփյուռքին և պատմաբաններին, դա էլ թուրքական երրորդ նախապայմանն է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նա շեշտեց՝ մասնագետների համար ակնհայտ է, որ այս երեք նախապայմաններն էլ շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում, և ՀՀ վարչապետի երեկվա ասուլիսում դրանց առնչությամբ մանիպուլյացիայի բավական ակտիվ փորձեր էին նկատվում։

«Թուրքիայի հետ հարաբերություններում պետք չէ այդքան լավատես լինել եթե, իհարկե, հայկական կողմը չի պատրաստվում գնալ վերոնշյալ երեք նախապայմանների հետ կապված զիջումների։ Եթե հայկական կողմը շարունակելու է պաշտպանել մեր պետականության շահերը, ապա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նման շուտափույթ և անխոչընդոտ հեռանկար ակնկալել ճիշտ չէ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։