ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ-ն․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Մանրամասներ

ա

ԱԺ իշխող մեծամասնությունը ժամանակավրեպ է համարում նախագահի թեկնածուի հարցի քննարկումը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Այս պահին ընթացող իրավակարգավորումներով դեռևս 5-6 օր ժամանակ կա, այսինքն՝ Հայաստանն ունի փաստացի նախագահ։ Եվ այդպիսի իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում նման հարց քննարկելը, որովհետև օրենքը նախագահին հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու։ Հետևաբար, քանի որ հարցը ժամանակավրեպ է, կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնն ըստ էության թափուր կլինի։ Իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը։

Ըստ Պապոյանի՝ նախագահին ընտրելու է ՔՊ խմբակցությունը։ «ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ կուսակցության ղեկավար ֆորմատը և ՔՊ խմբակցությունը։ Հետևաբար, ընդհանրական չափանիշների մասին երեկ վարչապետը խոսել է։ Թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը։ Մենք չենք կարող ընդդիմության տեղը պատասխանել՝ թեկնածու կառաջադրեն, թե ոչ, բայց ընտրողը ՔՊ խմբակցությունն է»,- նշեց Գևորգ Պապոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հավելեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի համաձայն՝ նախագահը հրաժարականի հայտարարությունից հետո ունի 7-օրյա ժամկետ։ Այդ ժամկետն սկսել է հոսել այսօրվանից, և այդ 7-օրյա ժամկետում նախագահը կարող է գրավոր դիմումով հետ վերցնել իր հրաժարականի դիմումը։ «Այդ շրջանում, քանի դեռ նախագահը կարող է հետ վերցնել դիմումը, պաշտոնապես սկսել քննարկել թեկնածուների հարցը, ճիշտ չէ ինստիտուտի նկատմամբ»,- ասաց Վահագն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ թեկնածուների առաջադրման փուլը կսկսվի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականի դիմումը։ Դրանից հետո, ըստ օրենսդրության, 5-օրյա ժամկետ է տրվում՝ թեկնածուների առաջադրման համար։ Այդ հնգօրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները։ «Թեկնածուները պետք է լինեն որոշակի չափանիշներին համապատասխան»,- ասաց Հովակիմյանը։