Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է

Մանրամասներ

Մոլերում, առեւտրի կենտրոններում եւ սննդի խանութներում պատվաստման սերտիֆիկատի կամ բացասական թեստի արդյունքների ներկայացման պահանջն ու դրանց հետ կախված սահմանափակումները չեն գործում, սակայն դրանք գործում են նույն մոլերի սննդի կետերում:

Նման սահմանափակումների տրամաբանական լինելու մասին լրագրողների հարցին պատասխանելով, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մարդու համար «անհրաժեշտ» ծառայությունների նկատմամբ սահմանափակումներ որոշվել է դեռեւս չկիրառել: Փոխարենը, սահմանափակումները վերաբերվում են ժամանցի վայրերին եւ հանրային սննդի կետերին, որտեղ, նախարարի խոսքով, «վարակման հնարավորությունը, երբ մարդիկ միասին ճաշում են, շատ ավելի բարձր է»:

«Առաջնային ծառայությունները, առանց որոնց մարդու կյանքը դժվար է պատկերացնել, հանարվորինս զերծ ենք պահում սահմանափակումներից», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, նույն պատճառով նման սահմանափակումներ չեն գործում հանրային տրանսպորտի համար: Տրանսպորտում պարտադիր է դիմակների կրումը, սակայն հարկ է նշել, որ այդ կանոնին այսօր գրեթե ոչ ոք չի հետեւում, եւ ստեղծում են բոլոր պայմանները՝ վիրուսի ազատ տարածման համար:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, համաձայն որոնց, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: