Մենք այսօր, այո, շատ ծանր որոշում ենք կայացրել․ Փաշինյան

Մանրամասներ

ա

Հունվարի 20-ին կառավարության նիստում գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխհատուցման չափերը 2014 թվականից չեն փոփոխվել: «Մինչդեռ, պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլ գործոններով, այժմ ունենք մի իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին և կենսամակարդակին»,-ասել է նախարարը:

Ըստ հիմնավորման, առկա անհամապատասխանությունները հարթելու և փոխհատուցման սահմանաչափերը համապատասխանեցնելու նպատակով ուսումնասիրվել է ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի մշակած և հաստատած համեմատական վերլուծությունը օտարերկրյա պետությունների մայրաքաղաքների և տարածքի այլ քաղաքներոմ ՄԱԿ-ի գրասենյակում ծառայող աշխատակիցների՝ ծառայության հետ կապված փոխհատուցումների չափաքանակները։ Երկրների փոխհատուցումների չափերը հաշվարկելու համար, որպես բազային հիմք հանդիսանում է Նյու-Յորք քաղաքի կենսամակարդակը՝ ապրանքների և ծառայությունների գների ինդեքսը։ ՀՀ ԱԳՆ կողմից առաջարկվող «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերը առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար: ԱԳՆ-ի կողմից սահմանված «ազգային ինդեքսի» հաշվարկների ճշտությունը/մոտեցումը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից։ Միաժամանակ, հիմքն ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նախատեսվել է փոխհատուցել դիվանագիտական ծառայողի գործուղման մեկնելու և գործուղումից վերադառնալու ծախսերը: Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` ՀՀ օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից ՀՀ վերադառնալու ծախսերը ենթակա են փոխհատուցման։ Ըստ այդմ՝ առաջարկվում է վճարումները կատարել ոչ թե ուղեբեռի քաշով, այլ յուրաքանչյուր դիվանագետին վճարել սահմանված դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման հիսուն տոկոսի չափով՝ մեկնելուց և նույն չափով՝ ժամանելուց, առանց ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման՝ հաշվի առնելով, որ ծառայության մեկնելուց դիվանագետի համար առաջանում են նաև մեկնման հետ կապված այլ ծախսեր, որոնք նույնպես պետք է փոխհատուցվեն։ Այսպիսի կարգավորումը, թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը հոգալ գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ առաջին հայացքից այն կարող է թվալ խիստ անպատեհ. «Բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ, սոցիալական սրվող և սուր խնդիրներ, և մենք այս ընթացքում ինչո՞վ ենք զբաղված՝ զբաղված ենք դիվանագետների նյութական, դրամական բավարարման խնդիրների լուծումով: Մենք դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթաց ենք սկսել, սոցիալական երաշխիքների ամրապնդման որոշակի գործընթաց ենք սկսել: Եվ միևնույն ժամանակ մեզ քննադատում են - և, ըստ էության, այդ քննադատությունն անպատեհ համարել չի կարելի - որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախսեր չենք նախատեսել: Բայց ես ուզում եմ այս թեմայով Կառավարության դիրքորոշումը պարզաբանել. մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, 2020 թվականին, 2021 թվականին, այսօր էլ կանգնած է բավական լուրջ մարտահրավերների առաջ, և մենք առերեսվել ենք աղետալի իրադարձությունների: Բայց մենք պետք է հասկանանք խորքային պատճառները՝ թե՞ ինչն է պատճառը, որ այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել, տեղի է ունեցել: Ինձ համար եզրակացությունը մեկն է՝ որ դրա առանցքային և սկզբունքային պատճառն ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, որն ունենք և ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում:

Ասենք, մենք Անկախության 30-ամյակն ենք նշել նախորդ տարի: Ընդ որում, էական չէ՝ ինչ պատճառաբանությամբ, բայց այն, որ Հայաստանի Հանրապետությունն իր 30-ամյակը նշում է, որոշ ոչ անհայտ շրջանակների կողմից փորձ էր արվում ամեն ինչ անել՝ տորպեդահարելու և վիժեցնելու պրոցեսը: Ու սա ամենևին էլ չմտածեք հանկարծ, թե ինչ-որ էմոցիոնալ, պատահական, սպոնտան դրսևորում էր: Մենք 30 տարվա անկախությունից ի վեր արձանագրում ենք, որ, օրինակ, դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում ունենք խորշեր: Պատկերացնո՞ւմ եք՝ 2018, 2019 թվականների դրությամբ մենք դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից: Ասենք, դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից՝ ասում են, դե մեր դեսպանատան հարցերը մեր հայտնի կամ անհայտ անձն է լուծում: Հասկանո՞ւմ եք՝ պետական ինստիտուտների կայացման մասին է խոսքը: Եվ մենք այսօր, այո, շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով:

Այս տարի աննախադեպ չափերի ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը, որովհետև մեր պրոբլեմների մի հսկա մասը կապված է այն բանի հետ, որ մեր գիտությունը 30 տարվա ընթացքում խրոնիկ ձևով թերֆինանսավորվել է: Այսօր էլ է թերֆինանսավորվում, բայց հսկայական չափով ավելացրել ենք ֆինանսավորումը: Մենք կրթության ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, ժողովրդագրության ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, կապիտալ ծախսերի ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում, և մեր առաջնահերթությունը պետության ինստիտուցիոնալ կայացումն է: Իհարկե, բնականաբար, սոցիալական հարցերի լուծումը նույնպես ռազմավարական առաջնահերթություն է, բայց մենք սոցիալական պրոբլեմները նույնպես համարում ենք պետության ինստիտուցիոնալ չկայացվածության հետևանք: Որովհետև այսօրվա սոցիալական պրոբլեմ ունեցող մարդն ո՞վ է՝ նա է, ով ժամանակին պատշաճ կրթություն չի ստացել, և մենք այսօր պարտավոր ենք կրթության հասանելիությունն ապահովել»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է խնդիրները լուծելու վրա կենտրոնանալը: «Այս կարգի որոշումներ ընդունելը դժվար է: Մենք գիտենք, որ սա անում ենք մեր քաղաքական, այսպես ասած, ռեսուրսի, ընդհուպ մարդկանց վստահության հաշվին, բայց էլի եմ ասում՝ մեր այստեղ գտնվելն անիմաստ կլինի, եթե ինստիտուցիոնալ կայացման ճանապարհ չանցնենք: Ամենաշատը մեզ դրա համար են քննադատել, բայց ուրախ եմ, որ այդ քաղաքական կամքն ունեցել ենք և գնացել ենք առաջ: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ այդ քաղաքական կամքը տվել է արդյունքներ, հակառակ դեպքում այս աղետներից հետո Հայաստանի քաղաքացին չէր գնա և մեր օգտին չէր քվեարկի: Հետևաբար, ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք խնդիրներ լուծելու վրա, ոչ թե խնդիրներ ձևափոխելու, հետաձգելու, ասել՝ լավ, այս շաբաթ տոներն անցնեն, հետո թող այն ընտրությունները գան, ընտրություններից հետո, թող ուրիշն անի, մենք չանենք: Ոչ, մենք, թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին, պետք է Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև բյուջետային կարգապահության գործընթացին. «Ես հիշում եմ, որ տասնյակ տարիներով Հայաստանում քննարկվել է արտաբյուջեների փակման հարցը: Ուրախ եմ, որ մենք եկանք և այդ հարցը շատ արագ լուծեցինք: Իհարկե, դեռ լավարկման ահագին տեղ ունենք, բայց բյուջետային կարգապահության հարցը շատ կարևոր է: 2021 թվականի բյուջեի արդյունքները ամփոփելիս արձանագրեցինք, որ նախատեսվածից 145 մլրդ դրամ ավելի հավաքագրում ենք իրականացրել: Ընդ որում, եթե օրենսդրական փոփոխությունների մասը հանենք, չնայած հանել պետք չէ, որովհետև դրա համար էլ է քաղաքական կամք պետք՝ անել այդ փոփոխությունները և արդյունք արձանագրել, 100 մլրդ դրամից ավելի է արդյունքը»: