Գրանցվել է վերջին 30 տարվա ամենացածր ջերմաստիճանը

Մանրամասներ

ա

Սաուդյան Արաբիայի Օդերեւութաբանության ազգային կենտրոնը օդի ջերմաստիճանի կտրուկ՝ մինչեւ մինուս 6 աստիճան անկում է գրանցել թագավորության հյուսիսային Թուրայֆ շրջանում, հայտնում է Sky News Arabia-ն։

Սա երկրում ամենացածր ջերմաստիճանն է վերջին 30 տարվա ընթացքում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ցածր ջերմաստիճան է գրանցվել նաեւ Էլ-Կուրայաթի հյուսիսային շրջաններում (մինուս 5 աստիճան) եւ Արարում (մինուս 4 աստիճան)։ Նշվում է, որ Թուրայֆում գիշերային սառնամանիքներն ուղեկցվել են ձյան առատ տեղումներով, մյուս հյուսիսային շրջաններում՝ թույլ անձրեւներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ թագավորության հյուսիսում անոմալ ցրտի ալիքը կշարունակվի մինչեւ այս շաբաթվա վերջը, իսկ կենտրոնական եւ արեւելյան շրջաններում կտրուկ կցրտի։

Հյուսիսային նահանգների իշխանությունները նշել են, որ գազալցակայաններում մարդկանց կուտակումներ են նկատվել՝ նավթի պակասի սպառնալիքի պատճառով, որն անհրաժեշտ է բնակելի շենքերը տաքացնելու համար։

Ցածր ջերմաստիճան է գրանցվել նաեւ Մեդինայում (9 աստիճան), Մեքքայում (11 աստիճան) եւ Էր Ռիադում (16 աստիճան):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի սկզբին երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Տաբուկ քաղաքի մոտ ձմռան սկզբից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել։