Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանության պահանջներից, վերջ դնի Թուրքայի դեմ թշնամանքին և ապամոնտաժի Սողոմոն Թեհլերյանի արձանը․ «Թալեաթ փաշա»-ի պայմանները կդնեն բանակցային սեղանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ-ում հայկական և թուրքական բանագնացների հանդիպման օրակարգը, ենթադրում եմ` պետք է լիներ հետագա հանդիպումների օրակարգը որոշելու հարցերի շուրջ։ Այն, որ հանդիպումից հետո հայկական և թուրքական կողմից եղան գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ, այդ մասով երկու եզրակացություն կարող ենք անել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով, երկու օր առաջ ՌԴ արտգործնախարարության ընդունելության տանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը, ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Առաջինը` այդ հայտարարությունները համաձայնեցված են եղել երկու կողմերի միջև և քանի որ համաձայնեցված են եղել և համարյա նույնաբովանդակ հայտարարություններ են եղել, նշանակում է, որ երկու կողմերն էլ ցանկություն ունեն բանակցությունները շարունակելու։ Մյուս եզրակացությունն այն է, որ թուրքական կողմի հայտարարության մեջ նույնպես օգտագործվում էր «առանց նախապայմանների» արտահայտությունը, դա նշանակում է, որ թուրքական կողմը շահագրգռված է, որ բանակցությունները շարունակվեն։ Եթե այդ հայտարարության մեջ խոսվեր նախապայմանների մասին, հայկական կողմը կհրաժարվեր բանակցությունները շարունակելուց, այդ պատճառով օգտագործել են, որպեսզի բանակցությունները չընդհատվող, քանի որ Թուրքիան դրանում շահագրգռված է»,- ասում է նա։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայի շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան վերջին շրջանում և հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո իր դիրքերը տարածաշրջանում ցանկանում է ավելի մեծացնել։

«Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ ինքը Հարավային Կովկասում կարևոր խաղացող է։ Դրա ապացույցն են «3+3» ձևաչափը, որը հետո դարձավ «2+3», հիմա էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց նախաձեռնությունը։ Թուրքիան օգտագործում է այսպիսի հնարքներ ցույց տալու համար, որ տարածաշրջանում սկսում է խաղալ ավելի կարևոր դեր»,– բացատրեց նա։

Հարցին`աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման հնարավորություն կարո՞ղ է լինել այս հարաբերությունների կարգավորման գործընթացում և ո՞ր ուժերը կարող են դառնալ այս հարաբերությունների կարգավորման հովանավորներ, Սաֆրաստյանը պատասխանեց.

«Մինչ այժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք փորձ է եղել։ Վերջին երկու փորձերը տեղի են ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ես կարծում եմ, որ սա չորրորդ փորձն է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս չորրորդ ռաունդում այն, որ Թուրքիան հանդես է գալիս նախաձեռնությամբ և հետևողականությամբ, պայմանավորված է աշխարհաքաղաքական նոր նկրտումներով, որ վերջին շրջանում Թուրքիան դրսևորում է։ Տեսնում ենք, որ աշխարհի արևելյան և արևմտյան ուժային կենտրոնները դրական են մոտենում այս գործընթացին։ ԱՄՆ-ն ողջունեց, ՌԴ-ն առաջարկեց նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Հիշում ենք, որ նաև Հայաստանն էր դիմել Ռուսաստանին, որ միջնորդի դեր ստանձնի։ Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս չորրորդ փորձը կընթանա առանց միջնորդի»,– ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան շահագրգռված չէ, որ որևէ միջնորդ լինի։ «Հայաստանը և Թուրքիան տարբեր աշխարհաքաղաքական քաշ ունեն, ես գտնում եմ, որ մենք Թուրքիայի հետ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով շփվելիս պետք է ունենանք մեկ ռազմավարական դաշնակից, դա պետք է լինի մեր քաղաքականության հիմքում, որովհետև մենք Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հետ չենք կարող շփվել, մեր աշխարհաքաղաքական պոտենցիալով չենք կարող հավասարվել։ Մի հանգամանք ևս կա, որը շատ կարևոր է։ Թուրքական վերնախավը, ինչ քաղաքական ուժ էլ, որ լինի, Հայաստանին չի դիտարկում որպես իրեն հավասար պետություն։ Նրանք Հայաստանին մոտենում են որպես մի պետության, որը պետք է ենթարկվի Թուրքիային։ Այս պայմաններում պետք է ունենալ ռազմավարական դաշնակից, որը մեր շահերը մեզ հետ միասին կպաշտպանի։ Տվյալ դեպքում մեր դաշնակիցը Ռուսաստանն է։ Ես կարծում եմ, սակայն, որ Թուրքիան չի համաձայնի, որ Ռուսաստանը լինի միջնորդ։ Նա կփորձի Հայաստանի հետ այս բանակցային գործընթացը, որը երկարատև կլինի, առանց միջնորդի իրականացնել»,– նշեց նա։

Հարցին` որքանով է հավանական, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան Հայաստանի առաջ նախապայմաններ դնի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բանակցություններից առաջ եղավ Թուրքիայի միլիմեջլիսի նախկին փոխխոսնակի հայտարարությունը, որտեղ նշված էին չորս պայմաններ, որոնք Հայաստանը պետք է կատարի, Սաֆրաստյանը պատասխանեց.

«Այդ հայտարարությունը «Թալեաթ փաշա» կոմիտեի հայտարարությունն էր, որի ղեկավարը Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխխոսնակն է, այդ կոմիտեի մեջ մտնում են նաև մի քանի նախկին նախարարներ և այլն։ Դա, իհարկե, պաշտոնական տեսակետ չէ, բայց պատահական չէ, որ այդ տեսակետը հնչեց բանակցություններից մի քանի օր առաջ։ Սա ներկայացնում է թուրքական վերնախավի մոտեցումները Հայաստանի հետ հարաբերությունների բնագավառում։ Ակնհայտ է, որ նրանք բոլոր խնդիրները, որը կար կոմիտեի հայտարարության մեջ, կդնեն բանակցային սեղանին։ Ի՞նչ կարող ենք մենք դրանք հակադրել։ Երբ համեմատում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձը մյուսների հետ, ապա կարող ենք հետևյալ եզրակացությունը անել։ Առաջին անգամ աշխարհի երեք կարևոր երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ են և Մինսկի խմբի համանախագահողներ, ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, այն բոլոր երեք փորձերի ժամանակ այդպես չի եղել, որ երեքը միասին ճանաչած լինեն։ Կարծում եմ՝ սա կարեւոր հանգամանք է, մեր դիվանագիտությունը պետք է դա կարողանա օգտագործել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ «Թալեաթ փաշա» կազմակերպության հայտարարությունում Հայաստանին ներկայացվում էր 4 պայման․

1. Հայաստանը անմիջապես պետք է իրականացնի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները,

2. Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հայտնի դրա մասին,

3. Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանության պահանջներից,

4. Վերջ դնի Թուրքայի դեմ թշնամանքից և ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված թուրք ազգին նվաստացնող Սողոմոն Թեհլերյանի արձանը)։

Դիտարկմանը` տարածաշրջանային իրադարձությունների, մասնավորապես Ղրիմում իրադարձությունների սրացումը կարո՞ղ է խափանել այս բանակցային գործընթացը, Սաֆրաստյանը ընդգծեց.

«Չեմ կարծում, որ անմիջական ազդեցություն ունենան, բայց կարող են միջնորդված ազդեցություն ունենալ։ Եթե իրադարձությունները բացասական ուղղությամբ զարգանան Ղրիմի և Ուկրաինայի հետ կապված, որովհետև Ռուսաստանը և Թուրքիան հանդես կգան արդեն որպես բացահայտ հակառակորդներ, ապա ռուս-թուրքական հարաբերությունները կսրվեն։ Չեմ կարծում, որ դա ուղղակիորեն ազդի հայ-թուրքական բանակցային գործընթացի վրա»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման ժամանակ հայկական պատվիրակության մեքենայի վրա հայկական դրոշների բացակայությանը, Սաֆրաստյանը սա համարեց որպես անփութության հետևանք՝ նշելով, որ հիմքեր և նախադրյալները չկան կարծելու, որ դա միտումնավոր է արված։

Թերթ․am