Հայաստանին հնարավորություն է ընձեռնվում ավելի անկախ լինել Մոսկվայից

Սուրեն Սարգսյան․ Մանրամասներ

1

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված է ոչ միայն երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլ նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի կոնտեքստում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը ողջունելու հանգամանքին։

«Իսկ Ամերիկայի տարածաշրջանային շահերն ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պարագայում այստեղ աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ձևավորվելու, և այս մոտեցումն ԱՄՆ-ում գոյություն ունի 1991 թվականից սկսած և բոլոր վարչակազմերի համար առաջնահերթություն է եղել»,-նշեց նա:

Սարգսյանի դիտարկմամբ՝ դրանով պայմանավորված՝ որքան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, այդքան Հայաստանին հնարավորություն է ընձեռնվում ավելի անկախ լինել Մոսկվայից, Թուրքիայի տարածքով ելք ունենալ դեպի Եվրոպա և Սև ծով։

«Երկրորոդ, եթե հաշվի առնենք, որ ամերիկյան հեղինակավոր «Բլումբերգ» գործակալությունը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպման ժամանակ Էրդողնաին կոչ է արել կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որից հետո Թուրքիայի նախագահի կողմից քայլ արվեց, պատկերն առավել պարզ է դառնում»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության՝ ԱՄՆ-ը ջերմորեն ողջունում է հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար։