Մոսկվան շտապեց հայերին «ավետել», որ նման հույսեր չունենան. Lուծումը` շուտափույթ սահմանազատումն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մինչ հայ մամուլն ու փորձագետները քննարկում էին Ղազախստանում Մեծ Թուրանին Ռուսաստանի հասցրած հարվածը, այն ակնկալիքով, որ մի բան էլ այստեղ կփոխվի, նկատի առնելով նաեւ ՀԱՊԿ գործողությանը Հայաստանի մասնակցությունը, Մոսկվան շտապեց հայերին «ավետել», որ նման հույսեր չունենան, եւ իր ծրագրերում ոչինչ չի փոխվել։

Նախ Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծեց 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 հունվարի 11-ի պայմանավորվածությունների անվերապահ կատարման անհրաժեշտությունը։ Այնուհետեւ Լավրովը եւ նրա խոսնակը նախ հայտարարեցին, որ թուրքերի հետ Ղազախստանում ոչ մի խնդիր չունեն, եւ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն էլ դժգոհություն չեն հայտնել, այնուհետեւ խորհուրդ տվեցին Ղազախստանի իրադարձությունները չկապել Հայաստանի հետ, մասնավորապես՝ Բաքվի վերջին հարձակումների։

Լավրովն ու նրա խոսնակն այս կապակցությամբ հայտարարեցին, որ նման սադրանքների լուծումը շուտափույթ սահմանազատումն է, 3+3 ձեւաչափի գործարկումը եւ Մոսկվայի միջնորդությամբ հայ-թուրքական կարգավորումը։ Թե ինչ են դրանք ենթադրում Հայաստանի համար՝ հայտնի է բոլորին, այդ մասին մանրամասն խոսվել է։ Կասկած չկա, որ Բաքվի վերջին հարձակումները հենց մոսկովյան պնդումների «հրետանային աջակցությունն են»։ Զուգահեռ, Մոսկվան Հայաստանում կրկին գործի դրեց գազային սեղմօղակը։

Տարօրինա՞կ է ստացվում՝ Ղազախստանում Ռուսաստանը հարված է հասցնում Թուրանին, բայց Հայաստանը մղում է Թուրանի տակ՝ ՀՀ տարածքը բացելով թուրքերի առաջխաղացման համար։ Հայ մամուլին ու փորձագետներին, քաղաքական դասի ռուսանպաստ հատվածին կարելի է հասկանալ, ընդ որում՝ նրանց ամենատարբեր մոտիվացիայի համատեքստում, բայց ժամանակն է նաեւ հասկանալ, որ Հայաստանի պարագային Ռուսաստանն ու Թուրքիան կանգնած են շատ ավելի լուրջ՝ գոյաբանական խնդրի առաջ, ինչին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Այս հանգամանքը, 200 տարվա պատմական ամուր բեքգրաունդով, չի փոխվել ու չի փոխվելու։

Հայաստանի իշխող խումբն ու խորհրդարանի ռուսանպաստ «ընդդիմությունը» շարունակում են կատարել մոսկովյան պողպատի իրենց գործառույթը, Հայաստանը տանելով թուրքական ստրկության՝ առաջինը ռուս-թուրքական որոշումները լեգիտիմացնելով, երկրորդը՝ նրան այդ ծիրում պահելու գործառույթով։ Պատասխանատվությունն ուղիղ է եւ հստակ, առավել եւս, որ Հայաստանի հնարավորությունները սպառված չեն։ Առավել եւս՝ Ռուսաստանում սպասվող ցնցումային իրադարձությունների շեմին։

Սկզբնաղբյուր