Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ

ա

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդներից: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունվարի 11-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքների մասին հարցին:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի սրմամբ: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդներից և բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական «դեղատոմսը» հանդիսանում է սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը, որին կհետևի սահմանազատումը: Զախարովան հիշեցրել է, որ դա ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարի Սոչիում արված համատեղ հայտարարությունում:

Նա կարևորել է համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծման համար աշխատանքների ձեռնարկելը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին հերթական անգամ սադրանքի էին դիմել և կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, սկսվել էր փոխհրաձգություն: Զոհվել է 3 հայ զինծառայող: