Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա. Նա ներողություն է խնդրել մարդաշատ խնջույքի մասնակցելու համար

Մանրամասներ

ա

Շոտլանդիայում բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Դուգլաս Ռոսը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին հեռանալ պաշտոնից՝ 2020 թվականի մայիսին իր նստավայրում կազմակերպված երեկույթին մասնակցելու պատճառով, երբ երկիրը գտնվում էր խիստ սահմանափակող միջոցների տակ։

«Երեկ ես ասացի, որ եթե վարչապետը 2020 թվականի մայիսին Դաունինգ սթրիթում մասնակցել է այս հանդիպմանը, երեկույթին, միջոցառմանը, ապա նա չպետք է շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ցավով պետք է նշեմ, որ նրա դիրքերն այլևս կայուն չեն»,– մեջբերում է Ռոսի խոսքերը Sky News հեռուստաալիքը։

Չորեքշաբթի Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, խոստովանել է, որ մասնակցել է միջոցառմանը և ներողություն խնդրել: Ինչպես պարզաբանել է վարչապետը, ինքը կարծում էր, որ դա «աշխատանքային միջոցառում» էր։ Լեյբորիստական կուսակցության և Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչներին չի բավարարել Ջոնսոնի պատասխանը, և նրանք հորդորել են վարչապետին հրաժարական տալ։

Սկանդալի ֆոնին վարչապետի գործունեության հավանության վարկանիշը իջել է ռեկորդային ցածր մակարդակի՝ նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքում։ Բրիտանացիների կեսից ավելին կողմ է նրա հրաժարականին, հայտնում է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը։ Ինչպես նշել են քաղաքական դիտորդները, Ջոնսոնի հրաժարականն ավելի ու ավելի իրատեսական սցենար է թվում՝ վարչապետի գործունեության նկատմամբ կուսակցության անդամների աճող դժգոհության պայմաններում: