Տոկաևը պահանջել է, որ մեծահարուստները կիսվեն ժողովրդի հետ. Նա նաև 5 տարով սառեցրել է պաշտոնյաների աշխատավարձերը

Մանրամասներ

ա

Ղազախստանում պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձն առաջիկա հինգ տարվա ընթացքում կպահպանվի ներկայիս մակարդակի վրա։ Այս մասին կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

Ինչպես գրում է meduza.io-ն, Տոկաևն ընդգծել է, որ ահաբեկչական հարձակումներին դիմակայելու համար անհրաժեշտ է բարեփոխել իրավապահ համակարգը՝ ներառյալ բոլոր հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։

«Ղազախստանում ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել որոշ պետական կառույցների ձախողման պատճառով։ Պաշտոնյաները նկատելիորեն կտրվել են քաղաքացիների իրողություններից, սրվել է անհավասարության խնդիրը, տնտեսական աճից շահել են ֆինանսական օլիգարխիկ խմբերը։ Պետական աջակցության միջոցառումներն ուղղված են խոշոր կառույցներին: Ընկերներին՝ ամեն ինչ, մնացածին՝ օրենքով. այս մոտեցումը պետք է փոխվի։

Հայտարարում եմ կառավարության անդամների, մարզային ակիմների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում։ Պետք է վերացվեն քաղաքացիական ծառայության անցնելու համար անհարկի խոչընդոտներն ու արգելքները. այն պետք է բաց լինի ցանկացած ղազախստանցու համար։ Հարկավոր է հեշտությամբ հրաժեշտ տալ ոչ նախաձեռնող պաշտոնյաներին։

Ամենակարևոր խնդիրը սոցիալական արդարությունն է։ Առաջարկում եմ ստեղծել «Ղազախստանի ժողովրդին» հիմնադրամ՝ ազգային հիմնադրամ, որը կլուծի առողջապահության, կրթության խնդիրները, կզբաղվի սոցիալական աջակցությամբ։ Առաջին նախագահի շնորհիվ երկրում հայտնվել են շատ եկամտաբեր ընկերություններ, մեծահարուստների մի շերտ, մենք նրանց անուններով գիտենք։ Նրանք պետք է տարեկան զգալի ներդրում կատարեն այս հիմնադրամին։ Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն նաև ստվերում գտնվողներից։ Միասին մենք կկառուցենք նոր Ղազախստան»,-հայտարարել է Տոկաևը:

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են տարեսկզբին՝ կառավարության՝ հեղուկ գազի գինը բարձրացնելու որոշման պատճառով։ Մի քանի օրվա ընթացքում գործողությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ Հունվարի 6-ին ՀԱՊԿ-ը հայտարարել է երկրում խաղաղապահ առաքելություն սկսելու մասին։ Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցույցերը անվանել է պետական հեղաշրջման փորձ, որին մասնակցել են օտարերկրյա գրոհայիններ։ Նախագահը անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 2-3 մլրդ դոլար։