Երբ ռուսները ձեր տանն են հայտնվել, նրանց հեռացնելը դժվար է լինում. ԱՄՆ պետքարտուղար

Իսկ երբ ամերիկացիները քո տանն են, դժվար է ողջ մնալը, չկողոպտվելը կամ բռնաբարվելը. ռուսները պատասխանել են Էնթոնի Բլինքենին

ա

ԱՄՆ-ն անհանգստացած է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, սակայն կարծում է, որ հանրապետությունը կարող է հաղթահարել իրավիճակը՝ առանց ՀԱՊԿ-ի օգնության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենը նշել է, որ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին հարցեր է առաջացնում Վաշինգտոնում։ Ըստ ԱՄՆ-ի՝ հանրապետությունն ունի բավարար ռեսուրսներ՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու համար։ «Անհասկանալի է, թե ինչու են նրանք արտաքին օգնության կարիք զգացել», ասել է պետքարտուղարը։

Անկարգությունները նա բացատրել է տնտեսական պատճառներով։ «Մեկ դաս անցյալի պատմությունից՝ երբ ռուսները ձեր տանն են հայտնվել, նրանց հեռացնելը դժվար է լինում», ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ղազախստան ՀԱՊԿ-ի խաղաղապահների ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մեկնաբանությանը՝ ամերիկյան ԱԳՆ ղեկավարի խոսքերն անվանելով անպատկառ։

«Էնթոնի Բլինքենը, իրեն բնորոշ անպատկառ ձևով, կատակել է Ղազախստանի ողբերգական իրադարձությունների մասին: ՀԱՊԿ-ի միանգամայն օրինական արձագանքը Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում օգնություն ցուցաբերելու դիմումին (ինչն, ի դեպ, արդեն ծանուցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին), ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուղեկցել է այսպիսի խայթիչ ռեպլիկով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

«Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նկատի ունենա հետևյալը` երբ ամերիկացիները քո տանն են, դժվար է ողջ մնալը, չկողոպտվելը կամ բռնաբարվելը: Միայն թե, դա մեզ սովորեցնում է ոչ թե վաղ անցյալը, այլ ամերիկյան պետականության բոլոր 300 տարիները: Այս մասին շատ բան կպատմեն Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտներ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այս անկոչ հյուրերին իրենց «տանը», նշում է ՌԴ ԱԳՆ-ն։