Հունվարի 1-ից բարձրացել են ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ակցիզային հարկերի դրույքաչափերը

Մանրամասներ

ա

2022 թվականի հունվարի 1-ից բարձրացել են ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ակցիզային հարկերի դրույքաչափերը։ Դրույքաչափերի էական բարձրացում կա հատկապես օղու դեպքում։ Մասնավորապես, էթիլային սպիրտի 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 4400 դրամ ակցիզային հարկ, 2021 թվականի 3380-ի փոխարեն։ Իսկ 2023 թվականի հունվարի 1-ից էթիլային սպիրտի ակցիզային հարկը կսահմանվի 5700 դրամ։ Սպիրտային խմիչքների համար սահմանվել է 2640 դրամ ակցիզային հարկ՝ 2021 թվականի 2030-ի փոխարեն։ Իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սպիրտային խմիչքների ակցիզային դրույքաչափը մեկ լիտրի համար կսահմանվի 3430 դրամ։

Վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր ապրանքախմբի համար ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի համար 7000 դրամ է։

Կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր՝ այս ապրանքախմբի համար սահմանված են հետևյալ դրույքաչափերը։ Մեկից մինչև 3 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ, 4-ից մինչև 5 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 դրամ, 6-ից մինչև 10 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 դրամ, 11-ից մինչև 15 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 դրամ, 16-ից մինչև 19 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 14000, 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 դրամ ակցիզային հարկ՝ մեկ լիտրի համար։

Խաղողի գինիների մեկ լիտրի համար սահմանված է 150 դրամ ակցիզային հարկ, վերմուտ և խաղողի այլ գինիներ ապրանքախմբի համար ակցիզային հարկը 1000 դրամ է։

«Գինու ազգային կենտրոնի» նախագահ Ավագ Հարությունյանը նշում է, որ պետության քաղաքականությունն ուղղված է անորակ օղիների դեմ, որոնք Հայաստան են ներմուծվում հիմնականում Ռուսաստանից։ Հարությունյանի խոսքով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետևանքով գինու և կոնյակի շուկայի վրա բացասական հետևանքներ չեն լինի։

«Գինու շուկան Հայաստանում այնքան հարուստ ու բազմազան է, և ամեն օր նոր արտադրողներ են լինում, որ եթե անգամ թանկացումներ լինեն, շատ փոքր սեգմենտի կառնչվեն, և ժողովուրդը չի էլ զգա։ Ընդհակառակը, կգնա գների իջեցման պրոցես, որովհետև մեծ արագությամբ է զարգանում ճյուղը, և շատ քիչ բրենդներ են թանկանում, որոնք արդեն կայացած են։ Իսկ խոշոր առումով հարկային նույնիսկ ավելի լուրջ փոփոխությունները չեն կարող ազդել գինու գների վրա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ կոնյակի ակցիզային հարկի բարձրացումը ևս չնչին է և չի ազդի վաճառքի գների վրա։ «Կոնյակի արտադրանքի 1-2 տոկոսն է այստեղ իրացվում, և ակցիզային հարկի դրույքաչափն էական նշանակություն չունի։ Իսկ արտահանման ժամանակ ակցիզ չունենք։ Այսինքն՝ պետական քաղաքականությունն ուղղված է օղու դեմ, Հայաստանի շուկայի համար մեծ չարիք է հատկապես ներմուծվող ռուսական էժան օղին։ Մեր ամբողջ բնակչությունը նստած է այդ օղու վրա, էժան օղիների վաճառքը պետք է բացառել։ Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք ներմուծում են շատ լուրջ օղիներ, շատ բարձր որակի։ Բայց էժան ռուսական օղին բերել լցնել շուկա ու գայթակղել այս աղքատ ժողովրդին, անթույլտարելի  է։ Պետական քաղաքականությունը հենց դրա դեմ պետք է ուղղվի»,- ասաց Ավագ Հարությունանը։

Գինեգործական ոլորտի զարգացման մասին խոսելիս՝ Ավագ Հարությունյանը նշում է, որ վերջին 60-70 տարվա համաշխարհային տենդենց  է, որ բոլորն ուզում են ունենալ իրենց այգին ու գինու արտադրությունը։ Ավելի փոքր տնտեսվարողները փոքր այգիներ են հիմնում։ Բացի դա, հարկային դաշտը նպաստավոր է, ոլորտը՝ մրցակցային։ «Հողակտորներն էլ հիմա համեմատաբար էժան են, շատ այգիներ հանվում են վաճառքի։ Մինչև հունվարի մեկը պետական քաղաքականությունը շատ նպաստավոր էր, և գրեթե ամեն օր մի նոր բրենդ էր ստեղծվում։ Միջազգային կազմակերպություններն էլ փոքր բիզնեսին ոգևորում էին դրամաշնորհներով։ Եվ մենք 2021 արդյունքներով ունեցանք ոլորտի 100-110 հարկային դաշտում գործող ընկերություն։ Բայց համեմատության համար նշեմ, որ 2013 թվականին մենք ունեինք 650 մասնավոր գինեգործարան։ Ես կարծում եմ՝ այս 110 թիվը կմեծանա, որովհետև գնում է փոքր այգիների կոնսոլիդացիա, գյուղացիները միավորվում են ու գինի արտադրում։ Իսկ կես հեկտար հողն արդեն տալիս է 1000-1200 շիշ գինի, և մարդիկ այդ քանակով մտնում են շուկա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է որակին, Ավագ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի գինեգործների արտադրանքի որակը չի զիջում միջազգային ստանդարտներին։ Իսկ նորաստեղծ ընկերություններն առաջին իսկ անհաջողության դեպքում զգում են որակի տարբերությունը և շատ արագ շտկում են թերությունները, բարձրացնում որակը։