Շուշիից փախել ենք․ Ուսանող աղջիկս ու կինս կորել են, չգիտեմ՝ ուր են, հեռախոս չունեմ՝ կապվեմ

Մանրամասները՝ տեսանյութում

Թշնամու կողմից Շուշին գրավելուց մեկ օր առաջ ընտանիքով մազապուրծ փախել ենք, մի քանի ամիս թափառական կյանքով ապրելուց հետո՝ քաղաքից քաղաք, շրջանից շրջան, գյուղից գյուղ ապաստան ենք խնդրել, որ գիշերենք, փողոցում ենք գիշերել, ես մի կերպ պահակների մոտ, բենզալիցքավորման կայաններում, ընտանիքս էլ նախկին հարեւանների, բարեկամների մոտ, ոչ ոք մեզ ապաստան տալու հարցին ուշադրություն չի դարձրել։ Այս մասին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Անօթեւանների կացարանի բնակիչներից մեկը։

«ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը միջնորդեց, խնդրեց, պայքարեց, եւ մենակ ինձ գոնե տեղավորեցին այս հիմնարկում։ Դիմումներ ուղղեցի ՀՀ վարչապետին, խնդրեցի 2015թ․ կառավարության որոշման համաձայն աջակցել, ըստ որի՝ որոշակի կատեգորիայի մարդկանց պետությունը պետք է ապահովի բնակարանով, 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ այդ թվում նաեւ փախստականներին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ինձ տալիս են սվինքսի պատասխան՝ արտագրում են օրենքի այն հատվածը, որը ես էի իրենց ուղարկել, ու որեւէ հստակ որոշում չեն կայացնում՝ ինձ, իմ ընտանիքին վերցնելու ե՞ն հաշվառման որպես փախստական, թե ոչ, ասում են՝ գնա նախարարության էս ինչ հիմնարկ, որտեղ ինձ հագած-կապած մի օրիորդ ասում է՝ սահմանամերձ գյուղերում լիքը տուն կա, գնա, այնտեղ ապրի, ահա պատասխանը։ Ես նորից դիմում գրեցի, բողոքեցի այս պատասխանի դեմ, խնդրել եմ բնակարան, բայց չի պատասխանում՝ կարիքավո՞ր եմ ընտանիքիս հետ, որպես փախստական հերթի մեջ վերցնելու՞ են, թե չէ, չեն ասում։ Դրան ի պատասխան ինձ հայտնում են՝ տեղեկացել են Դիլիջանի Իմպուլս հյուրանոցից, որ 2021թ․ դեկտեմբերի 21-ից հիմնարկում եք տեղավորված։ Բա ընտանիք՞ս՝ աղջիկս ուսանող, կինս, քույր, կորել են, չգիտեմ՝ ուր են, հեռախոս չունեմ՝ կապվեմ, թափառականի պես ապրում եմ, ստեղից էլ հանում են դուրս շպրտում հիմա էլ՝ չեն պատասխանում վերջապես՝ կարիքավո՞ր եմ, թե չէ, ինձ՝ որպես փախստականի, պե՞տք է բնակարանով ապահովեն, թե չէ»,- պատմեց անօթեւան մնացած փախստականը։

Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչներն այսօր՝ հունվարի 3-ին, բողոքի ակցիա են իրականացնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում նախարարի եւ վարչապետի հետ: Հունվարի 1-ին կացարանը փակվել է, քանի որ նախարարությունը բարեգործական հիմնադրամի հետ նոր պայմանագիր չի կնքել, եւ որոշվել է, որ բնակիչներին կացարան Հաղթանակ թաղամասում՝ «Երեւանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերից մեկում։ Անօթեւանները, սակայն, հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի իրենց կացարանից: