Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը

Մանրամասներ

Իրանի Սպահան քաղաքի հայությունն Ամանորը դիմավորել է հայկական Նոր Ջուղա թաղամասում։ Հայաստանում Իրանի դեսպանության թվիթերյան էջում տոնակատարությունից մի քանի կադր ներկայացնող տեսանյութ է հրապարակվել։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես, Նոր Ջուղա թաղամասում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ու դրան հարակից հրապարակում են հավաքվել, իսկ տոնակատարությունն աչքի է ընկել ոչ միայն ամանորյա զարդարանքներով, այլ նաեւ երգ ու պարով։

Իրանահայ շուրջ 60-80 հազարանոց համայնքն Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն էի։ Իրանում հայերը հիմնականում քաղաքաբնակներ են, ապրում են Թեհրանում, Սպահանում և նրա հարակից շրջաններ` Շահինշահրում, Փերիայում, ինչպես նաև Թավրիզում, Ուրմիայում, Արաքում, Էնզելիիում, Ռեշտում, Ղազվինում, Ահվազում, Աբադանում և Շիրազում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Իրանում ունի երեք թեմ` Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի: Երեք թեմերից յուրաքանչյուրն ինքնուրույն միավոր է, որոնք գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իրավասության ներքո: Երեք թեմերն էլ պետության կողմից ճանաչվում են որպես համայնքի հոգևոր և աշխարհիկ իշխանություններ: