Կեղծիք է, որ զինվորին թույլ չեն տվել այդ ճանապարհով տանել Երեւան. նման բան չի եղել, ես ինքս զինվորական հոսպիտալի բժիշկ եմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Վարդենիսի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը՝ անդրադառնալով համայնքապետի պաշտոնակատար, ՔՊ-ի կողմից համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանի հայտարարություններին:
«Արամ Մելքոնյանին հերոսացնելը ճիշտ չէ, մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, թե ինքն ինչ է արել Վարդենիսում առանց սահման գնալու. Համազգեստ կրելով եկել է հոսպիտալ, գնացել է համայնքապետարան:
Սահման եթե գնացել է, ապա շատ եզակի: Ես լսել եմ, որ ինքը գնացել է ադրբեջանցիների հետ թեյ է խմել, որի համար ամաչում եմ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։
Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվեց, համայնքապետ չընտրվեց։
0Comments