ԱԱԾ-ն մերժեց միջնորդությունը

Մանրամասներ

ա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ ստացել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի. Զենքի մատակարարման գործով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և ևս չորս անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ 8 օր ժամանակ տվել պաշտպանության կողմին՝16 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո Տոնոյանի պաշպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումն առհասարակ որևէ կերպ հիմնավորված և պատճառաբանված չէ, վաղը ևեթ այն կբողոքարկվի դատախազին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելուն։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով։