Մենք կպատրաստվենք ու կռվով հետ կվերցնենք Հադրութը. Քաշաթաղը, Քարվաճառը, Շուշին, բոլորը

Մանրամասներ

Արցախցիներն այս պահին ակցիա են անում կառավարության մոտ՝ առաջ քաշելով հիմնականում 4 պահանջ։ Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է իրենց վերադարձնեն Հադրութն ու տան միջազգային երաշխիքներ այնտեղ ապրելու համար, ինչպես նաև ճանաչեն Արցախի Հանրապետությունը, դա է Արցախի ու Հայաստանի գոյության, հայ ազգի գոյության միակ պայմանը․ «Այդ հարցի լուծմանն օգնելու համար մեզ պետք է փախստականի կարգավիճակ տրվի, ինչը չի արվում։

Չեն տալիս, քանի որ ռուսը չի թողնում, ասում է որ այստեղ է, խնդիր չկա, մենք փախստական չենք։ Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ասված է, որ պետք է վերադառնանք, պետք է վերադառնան նրանք, ովքեր փախստականներ են ու բռնի տեղահանվածները։ Բայց մեզ այդ կարգավիճակը չեն տալիս։ Դրա համար Ալիևն ասում է, որ մենք փախստական չենք, Հայաստանի քաղաքացի ենք, որ ժամանակավոր ապրում էինք Արցախում։ Մեր իշխանությունները մեզ այդ կարգավիճակը չեն տալիս, որը հիմք կլինի մեր վերադարձի համար»։

Արցախցիները պահանջում են նաև, որ իրենց ապահովեն բնակարաններով․ «Մեր ցանկությունն այն է, որ բնակարանները կառուցվեն մի տեղում, որպեսզի ներհամայնքային ինքնությունը չկորի։ Մենք այնտեղ կապատրաստվենք ու հետագայում կռվով հետ կվերցնենք Հադրութը։ Հադրութ ասելով՝ ես հասկանում եմ Քաշաթաղից մինչև Արաքս։ Քաշաթաղը, Քարվաճառը, Շուշին, բոլորը։ Ես հադրութցի եմ, բայց բոլորն ինձ համար նույնն են, խնդիրները նույնն են»։