Աստված մեր կողքին է ու, անկախ ամեն բանից, Աստված մեզ սիրում է. Վախը մարդուն հեռացնում է Աստծուց

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Վախը հոգեբանական երևույթ է, որը լույս աշխարհ է գալիս մարդու հետ և նրան ուղեկցում ողջ կյանքի ընթացքում: Մարդը վախենում է այն ամենից, ինչը կարող է իրենց վնասել։ Սա մի կողմից բնական երևույթ է ու բոլորին բնորոշ հատկություն, բայց վախը չպետք է  մտնի մարդու սրտի մեջ այնքան, որ խանգարի նրան ապրել։ Երբ մարդ շարունակ վախի մթնոլորտում է ապրում, նա դադարում է ապրել ու տեսնել կյանքի իրական ու գեղեցիկ կողմերը։ Ուստի, պետք է ամեն բան անել, որպեսզի վախը չդառնա մարդկային հոգու հիվանդություն։

Եկեղեցու հայրերը, շատ հաճախ վախին անդրադառնալով, նշել են, որ այս «հիվանդությունը» համարվում է մարդու անկյալ բնության մի մասը և որի դեղամիջոցը քաջությունն է: «Ով վախենում է մարդկանցից, նա Աստծուց չի երկյուղում, իսկ ով երկյուղ ունի Աստծո հանդեպ, նա ոչ ոքից չի վախենում»,- ասել է Ս. Բարսեղ Մեծը։

Քրիստոս սովորեցնում է չվախենալ այն մարդկանցից, ովքեր մեր մարմինն են սպանում, այլ վախենալ նրանից, ով մեր հոգին դժոխքի կրակներում այրելու իշխանությունն ունի: Բնական է, երբ մարդը վախենում է մեղք գործելուց, բայց վատ է, երբ մարդը վախենում է միայն պատժից։ Պատժվելու միտքը չէ, որ պետքէ մարդուն հեռու պահի մեղքից, այլ այն գիտակցումը, որ մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց։

Մենք ենք հաճախ ստեղծում մեր վախերը: Պետք է հաղթահարենք այդ ամենը` միշտ իմանալով, որ Աստված մեր կողքին է ու անկախ ամեն բանից ՝ Աստված մեզ սիրում է: 

qahana.am