Կա հանձնարարական ու կա շատ տաղանդավոր կատարող. Այս ամենից ելք կա, ու ելքն ինչ-որ եթերային «արթնանալը» կամ «վճռական լինելը» չէ. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյան․ Մանրամասներ

1

Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ է նշանակել «Հայաստան» Դաշինքը՝ «Պատիվ Ունեմ» դաշինքի աջակցությամբ: Թե ինչ էր «ՊՈւ»-ին այդ աջակցության դիմաց խոստացվել ու դրժվել, արդեն էական չէ: Սիմոնյանին նշանակել են մեկ բանի համար՝ որպեսզի Ադրբեջանի հետ կնքվող պայմանագրերը ՀՀ ԱԺ-ում անխոչընդոտ վավերականացվեն: Ասեմ ավելին՝ անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո բոլոր ներքաղաքական պրոցեսները կազմակերպել են հենց այդ նպատակով: Ասեմ էլ ավելին՝ բոլոր սահմանային բախումներն ու գերեվարումները նույնպես կրում են զուտ ներքաղաքական բնույթ. պետք էր անել այնպես, որ Փաշինյանը՝ նույնիսկ սեփական մաշկը փրկելու նպատակով, չկարողանա պլստա իր առաքելությունն ավարտին հասցնելուց: Եթե «Հայաստան» դաշինքը չառաջադրեր Իշխան Սաղաթելյանին, ԱԺ անդրանիկ նիստը չէր ավարտվելու: Պարզապես չէր ավարտվելու` օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ Հայաստանը չէր ունենալու աշխատող Ազգային Ժողով: Չէր կարողանալու ընդունել բյուջե, փոխանցել թոշակ և լիքը այլ բան, այդ թվում՝ նաև վավերականցներ միջազգային համաձայնագրեր: Երկրում ստեղծվելու էր քաղաքական, սահմանադրական ու տնտեսական ճգնաժամ: Անշուշտ, իշխանությունը կարող էր ապօրինի կերպով նշանակել` թե՛ ԱԺ փոխնախագահ և թե՛ նախագահ, բայց դա դելեգիտիմացնելու էր ԱԺ-ն, և հետևաբար՝ ԱԺ-ի կայացրած որոշումները և վավերականացվելիք միջազգային համաձայնագրերը, օրինակ` դեմարկացիայի մասին, ինչն, իր հերթին, քանդելու էր այն առասպելը, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ հայ ժողովրդի հավաքական կամքով էր:

Ակնհայտ է նաև, որ վերջին շաբաթների ընթացքում հենց Փաշինյանն է փորում Ալենի տակը: Հենց իշխանական քարոզչամեքենան է տալիս բոլոր այն սկանդալների մեկնարկը, որոնք կապված են Սիմոնյանի անվան հետ: Այդ գործին լծվում են վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի կադրերն ու գրանտակեր համայնքը: Սա օրինաչափ է, քանի որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերջնակետը լինելու է Փաշինյանի վախճանը, իսկ նա, բնականաբար, դա չի ուզում: Բնական է նաև, որ Սիմոնյանի հետ կապված սկանդալների կոծկումը բխում է նրան` իր այդ պաշտոնին նշանակած շրջանակների շահերից: Ընդ որում՝ ծեծկռտուքը շինեցին հենց Փաշինյանի դաբռոյով, ըստ երևույթի՝ նա իր ուզածը շանտաժով ստացավ: Հերթական անգամ:

Ես վստահ եմ, որ այս ամենի մասին չեն ասում էն դաշնակցական երիտասարդներին, որոնց հետ ծեծկռտուքով փակեցին Ալենի վերջին կերած բողկը: Ոչ էլ Կրպեյանի գերպաթետիկ դուստրն է այս դավադրության շարքերում: «Հայաստան» դաշինքի կազմում կա պատերազմում որդի կորցրած մարդ, ինչը բացառում է, որ նա այս ամենի մասնիկ է գիտակցաբար՝ հանուն ինչ-որ շահի: Ո´չ, նրանք բոլորն ընդամենը ակամա զինվորներ են: Մեզ բոլորիս, այդ թվում՝ նաև ինձ, երեք տարի է ինչ շահագործել են որպես զինվոր՝ սեփական պետությունը քանդելու գործում, վերոհիշյալ անձինք էլ բացառություն չեն...

Այս ամենից ելք կա, ու ելքն ինչոր եթերային «արթնանալը» կամ «վճռական լինելը» չէ: Շատ ավելի կոնկրետ քայլեր կան այս ծուղակը քանդելու համար: Օրինակ` կարելի է պարզապես ստիպել իշխանությանը և գեներալիտետին պատասխանել, թե ո՞վ և ինչու՞ է հրամայել դադարեցնել զորքի լրահամալրումը: Էդ մի հարցի պատասխանն ամեն ինչ քանդելու է:

Ընդամենը պետք է այդ հարցը հնչեցնել, ոչ թե տարածել շատ պաթետիկ, բայց նույնքան դատարկ ելույթները: Ելույթ ունեցողներն էլ են ապուշ, տարածողներն էլ են ապուշ, իսկ դա շահագործողը հանճար է:

Սա, անշուշտ, միակ նման հարցը չէ, պատերազմի եղելությանը վերաբերվող բազմաթիվ նման հարցեր կան: Հարցեր, որոնց պատասխանը պիտի տար քննիչ հանձնաժողովը, որը մինչ օրս ստեղծված չէ, քանի որ Պաշտպանության հարցերով հանձնաժողովը արդեն 14 անգամ է, ինչ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագաի տեղակալ: Ձեզ թվում է՝ սա զավեշտ է, մինչդեռ, սա պետական դավաճանության հերթական դրսևորում է:

Օդում կախված լուրերի համաձայն` Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը սատարելու դիմաց, «Հայաստան» դաշինքը խոստացել էր պաշտպանության հանձնաժողովի տեղակալի պաշտոնին առաջադրել Տիգրան Աբրահամյանին: Խոստացել էր ու դրժել խոստումը, որի արդյունքում պատերազմի քննիչ հանձնաժողովը չի ստեղծվում:

Էդքան բան: Ամեն ինչ շատ պարզ է: Կա հանձնարարական ու կա շատ տաղանդավոր կատարող: Համաձայնեք՝ շատ տաղանդավոր մուտիլովշիկ պիտի լինես, որ պատերազմ անցած, պատերազմում ընկերներ կորցրած, վիրավորված դաշնակացական երիտասարդին համոզես, որ իր ծեծ ուտելը ու դրան ի պատասխան բան չանելը, ճիշտ է: Բայց դե էլի եմ ասում, սաղիս էսքան տարել են ծով, ծարավ բերել են հետ, մի քանի դաշնակացական տղան ի՞նչ ա իրանց համար...

Արթուր Դանիելյան