Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոան Դոնոգյուի, հրապարակեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը: Առաջին ալիքի «Լուրեր»-ը տեղեկացնում է, որ Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը:

Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների:

Դատարանը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կդժվարացնեն դատարանի աշխատանքը:

Հայաստանի Հանրապետությունը 2021 թ. սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ Բաքվին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ: