Ազգային ժողովի լիագումար նիստերի նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Նախագծի հեղինակ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ ըստ նախագծի՝ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննությունը, հետազոտումն ու բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար։ «Նշված կարգավորումն անհրաժեշտություն է, քանի որ մեր մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին այն, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բուժսպասարկում նախատեսված չէ։ Եվ ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո, վերադառնալով՝ հնարավոր է նա ընդհուպ մինչև մեկ ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում»,- ասաց Թովմասյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ բերված օրինագիծը որևէ հավելյալ արտոնություն որևէ զինծառայողի համար չի սահմանելու և կրելու է պոպուլիստական բնույթ։ Ըստ նրա՝ 2019 թվականին կառավարության հատուկ որոշմամբ զինծառայողների բուժօգնությունը փոխվել է հատուկ ռեժիմի և որևէ հերթագրում ու գրանցում չի պահանջվում։ «Ինձ պոպուլիզմի մեջ մեղադրելուց առաջ եկեք գնանք հիվանդանոցներ ու ինքներդ տեսեք, թե զինծառայողներն ինչքան ժամանակ են հերթ կանգնում, հոսպիտալներում ինչքան ժամանակ նրանց դուրս գրումը չի արվում, մինչև ՄՌՏ հետազոտության իրենց հերթը հասնի, և դա երբեմն տևում է ամսից ավելի։ Եվ դուք այստեղ խոսում եք ինչպես միշտ իրականությունից կտրված, որևէ փաստական հիմնավորում չունեցող։ Սյունիքից Երևան եկած զինծառայողի բուժզննությունն ու փորձաքննություն իրականացվում է սովորական քաղաքացիների նման։ Ու մի ստեք»,- արձագանքեց Թագուհի Թովմասյանը։
0Comments